17:33 , 17 մարտ, 2015Մարտի 14-15-ին Orange Fitness պրեմիում ակումբի հրավերով Հայաստանում էր ֆիթնեսի աշխարհի եռակի չեմպիոն Դմիտրի Յաշանկինը, ով հատուկ ժամանել էր ակումբի մարզիչների վերապատրաստման նպատակով: Դմիտրի Յաշանկինը կիսվել է իր տպավորություններով Orange Fitness պրեմիում ակումբի և ակումբի մարզիչների մասին.
«Զարմացած եմ այս ակումբի տարածքից, հնարավորություններից: Շատ տարբեր ակումբներում եմ լինում, բայց այսպիսի մասշտաբների սպորտային ակումբ ունենալն արդեն իսկ հաջողություն է: Դե իսկ մարզիչներն էլ իրենց գործի գիտակն են: Մարզման մեջ նրանք հետաքրքրասեր են, ուզում են իմանալ ավելին, սովորել, զարգանալ, որպեսզի հետագայում այդ ամենը փոխանցեն իրենց հաճախորդներին», - նշել է Յաշանկինը:
Անցկացված սեմինարների շրջանակներում Orange Fitness պրեմիում ակումբի մարզիչների հետ նա կիսվել է հաջողության և պրոֆեսիոնալիզմի իր գաղտնիքներով։ Ինչպես նշել է Հովհաննես Ավագյանը, Դմիտրի Յաշանկինի փոխանցած մասնագիտական հմտություններն ու մանրուքները շատ կարևոր են Հայաստանի համար, քանի որ մեզ մոտ գնալով զարգանում է ֆիթնեսը. «Շատ մեծ փորձ փոխանակեցինք արագաուժային մարզումների վերաբերյալ, մարզումներ, որոնք կարելի է անցկացնել այլ սպորտաձևերի պրոֆեսիոնալ մարզիկների հետ: Նա իր հետ բերել էր հատուկ հարմարանքներ, որոնց միջոցով սովորեցինք նոր հնարքներ: Դրանք կարող ենք հետագայում կիրառել մեր պրակտիկայում՝ մարզելով մեր ակումբի անդամներին, ինչպես նաև պրոֆեսիոնալ լողորդներին, վազորդներին, ֆուտբոլիստներին և այլ մարզիկների»:
Orange Fitness-ն անակնկալ էր պատրաստել նաև ակումբի անդամների համար՝ նրանց էլ ներգրավելով մեծանուն վարպետի մաստեր կլասի մեջ։ Ինչպես նշել է մաստեր կլասին մասնակցած ակումբի անդամ Լիլիթ Սարդարյանը. «Շատ հաճելի է, երբ ակումբը նման պրոֆեսիոնալների է հրավիրում, դա նոր ուժ է տալիս ավելի լավ մարզվելու և փորձ ձեռք բերելու համար»։
Նշենք, որ Դմիտրի Յաշանկինը ֆիթնեսի աշխարհի եռակի չեմպիոն է (2000թ., 2004թ., 2006թ.), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000թ., 2001թ.), Ռուսաստանի հնգակի չեմպիոն (2000թ., 2001թ., 2003թ., 2004թ., 2005թ.), «Առնոլդ Կլասիկ»-ի հաղթող (2012թ.), Ռուսաստանի վաստակավոր սպորտի վարպետ, Reebok ընկերության մաստեր-մարզիչ:
Մեզ հետ զրույցում Դմիտի Յաշանկինն անկեղծացավ, որ այս բոլոր կոչումները չէին լինի, եթե չլինեին իր աշխատասիրությունն ու կնոջ՝ Օքսանայի աջակցությունը: «Ֆիթնեսն ինձ համար կենսակերպ է. կենսակերպ ասելով՝ հասկանում եմ և՛ մարզումները, և՛ սննդակարգը, որոնց միջոցով դառնում ենք ավելի առողջ ու գեղեցիկ», - սրանք ֆիթնեսի համաշխարհային աստղ Դմիտրի Յաշանկինի բնորոշումներն են իր աշխատանքին:
Orange Fitness-ը Հայաստանի միակ պրեմիում կարգի ֆիթնես ակումբն է, որի առաքելությունն է Հայաստանում ձևավորել ֆիթնեսի մշակույթ՝ դարձնելով այն ապրելակերպ լավագույնը գնահատողների համար: Ակումբում կարելի է գտնել բոլոր պայմաններն ակտիվ հանգստի, որակյալ մարզումների և լավ ինքնազգացողության համար: