16:48 , 16 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Առողջապահության նախարարությունը, ԳՆ սնդամթերքի անվտանգության ծառայությունը Կապանում գրանցված բրուցելոզի դեպքերի մասին բարձրաձայնեցին միայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ահազանգից հետո: Կարելի է ենթադրել, եթե խնդիրը չհրապարակայնացներ կազմակերպությունը, պետական մարմիններն այդպես էլ Սյունիքում արձանագրված դեպքերի մասին չէին խոսելու: Նկատենք, որ տեղի ունեցածի մասին դեռևս չի խոսել Գյուղատնտեսության նախարարությունը:
ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն աշխատանքային խմբով եղել է Կապանում, պարզել է, որ հիվանդության առաջացման պատճառը միանշանակ սպանդանոցն է, այլ հայտարարություններ կարող է անել միայն ձեռքի տակ եղած տվյալների ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո:
«Միանշանակ պատճառը սպանդանոցն է, սակայն պետք է պարզել, սպանդանոցում առկա խնդիրը տնտեսվարողի՞ց է գալիս, թե պետությունից: Սա ուսումնասիրության կարիք ունի, այն որ մարդիկ սպանդանոցում են վարկվել, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց արդյոք սպանդանոցն ունի՞ իր մեղավորությունը, թե՞ պետությունն է ավելի մեղավոր, սա դեռ հստակ չէ»,-ասաց ՀԿ նախագահը:
Պիպոյանն ավելացրեց, որ իրեն տրամադրած տեղեկությունների համաձայն կենդանիները սպանդանոց են բերվել առողջության մասին ուղեկցող փաստաթղթերով, իրենք մորթ են իրականացրել, միսն էլ արտահանվել է Իրան: Սպանդանոց կենդանիներ բերվել են ոչ միայն Սյունիքից, այլև տարբեր մարզերից: Այսօր սպանդանոցը չի գործում, որովհետև պատվեր չունի, «պատվեր ունենա, վաղն էլ կգործի, այնպես չի, որ պետություն է փակել»:
Panorama.am-ին Պիպոյանը հայտնեց, որ Սյունիք է մեկնել առանց ձեռքի տակ ունենալու պատկան մարմինների կողմից տրամադրած տեղեկություններ: Արդեն այնտեղ հանդիպել է հիվանդներին, բուժող բժիշկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ