09:06 , 16 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Հայաստանում սպառողների պաշտպանության ոլորտը միջազգային չափանիշների համապատասխանեցնելու համար պետք է լինի երկխոսություն պետական և ոչ պետական կառույցների միջև, ըստ որում՝ բարյացակամ երկխոսություն. մարտի 15-ին՝ սպառողների իրավունքների պաշպանության համաշխարհային օրը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով սպառողների շահերի մասին՝ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։
Ըստ Արմեն Պողոսյանի՝ սննդի դեպքում սպառողը գործ ունի որակ և անվտանգության հասկացությունների հետ։ Որակը, ըստ մասնագետի մեկնաբանության, համապատասխանությունն է հայտարարվածին, այսինքն նրան, ինչ մակնշված է ապրանքի վրա:
«Նախկինում մենք գիտակցում էինք, որ յուղը, թթվասերը կամ կաթը որքան յուղալի է, այնքան լավ: Հիմա հակառակն է, այժմ Եվրոպայում մարդիկ ավելի թանկ գին են վճարում անյուղ կաթ ձեռք բերելու համար»,-հավելեց սպառողների շահերի պաշտպանը:
Նրա խոսքով՝ սննդի հարցում, բացի որակից, կա անվտանգության խնդիր, և, ի ուրախություն սպառողների, այդ խնդրի հետ կապված մեծ տագնապները Հայաստանում խիստ պակասել են:
«Դեպքերը, որ լսում ենք, թե երեխաները թունավորվել են, էապես պակասել են, թեև միշտ արդիական են մնալու»,-ասաց նա և նշեց, որ խնդիրներից մեկը, որ գրեթե լուծված է, փողոցային առևտուրն է և դրա հետ կապված վտանգները:
Հանրային ծառայություններում, ըստ նրա, նույնպես կա շատ մեծ առաջընթաց, սակայն վիճելի թվերի վերաբերյալ բողոքները և դիմումները չեն դադարում՝ գազի, հոսանքի սպառման հաշվարկ:
«Մարդիկ ոչ բոլոր դեպքերում են բավարարված, որ ճշգրիտ է հաշվարկված իրենց գումարը: Այստեղ շատ խնդիրներ կան, և դրանք երկուստեք խնդիրներ են: Սպառողը միշտ կարող է ստուգել այդ հաշվարկիչ սարքը, բայց եթե պարզվի, որ չկա թերություն, ուրեմն ինքը պետք է վճարի այդ փորձագիտության գումարը»,-ասաց նա:
Արմեն Պողոսյանի համոզմամբ՝ չափազանց կարևոր է նաև մարդկանց գիտակից և իրազեկ լինելը:
«Այդ իրազեկման մեջ այնքան սարսափ տարածող աղբ կա, որ մարդիկ հաճախ մոլորվում են և չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել»,-նկատեց Պողոսյանը:
Հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայաստանում սպառողների պաշտպանության ոլորտը միջազգային չափանիշների համապատասխանեցնելու համար, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Ամենակարևորը՝ պետք է լինի երկխոսություն պետական և ոչ պետական կառույցների միջև, ըստ որում՝ բարյացակամ երկխոսություն: Այդ երկխոսությունը միշտ էլ կա, բայց այն, ինչ մենք ենք ակնկալում, չկա»:
Արմեն Պողոսյանն իր օրինակը մատնանշեց՝ որպես ասվածի ապացույց: «Եթե ես լսում եմ, որ ստուգայց է եղել և սնունդ արտադրող ընկերություններից 7-ը տուգանվել են, և եթե ես և ինձ նման շատերը, ովքեր զբաղվում են այս գործով, այդ մասին մամուլից են տեղեկանում, ուրեմն արդեն նորմալ չէ, քանի որ ես ևս պետք է մասնակից լինեմ այդ ստուգայցին կամ մոնիտորինգին: Հասարակության հետ այդպես են աշխատում, և մեր ներկայությունն այդ ստուգայցին միայն կօգներ դրա անաչառությանը»,-ասաց Արմեն Պողոսյանը։
Ըստ նրա, նաև ակնհայտ է, որ որպես կանոն, փոքր խանութները կամ ընկերություններն են տուգանվում. «Իսկ մի կատեգորիա կա, որ տուգանքներից ու պատժամիջոցներից դուրս է մնում»:
Սպառողների շահերի պաշտպանն ասաց նաև, թե սպառողին տեղեկացնելը իրենց աշխատանքն է և անկեղծացավ. «Մենք այնքան էլ լավ չենք աշխատում, ես դա ազնվորեն ասում եմ, բայց ցավն այն է, որ այդ տեղեկացվածության մեջ կա մի հոսք՝ մարդկանց մոլորեցնող և սարսափեցնող՝ բառի իսկական իմաստով»: