16:55 , 15 մարտ, 2015
Կապի ժամանակակից միջոցները շատ են զարգացել։ Օրինակ՝ ոստիկանական հսկողության տակ գտնվող մարդկանց տեղաշարժերը վերահսկում են՝ նրանց ոտքին մի օղակ հագցնելով։ Այդ օղակը ռեալ ժամանակային ռեժիմով վերահսկողին թույլ է տալիս տվյալ պահին որոշել վերահսկվող անձի գտնվելու վայրը 10 սմ ճշգրտությամբ։
Առաջարկում եմ բոլոր երկրների առաջին դեմքերի ոտքերին հագցնել նման օղակներ, որպեսզի նրանց անհետանալու դեպքում մարդիկ կարողանան հեշտ ու հանգիստ գտնել իրենց երկրի ղեկավարին։
Թե չէ խայտառակ բան է ստացվում։ Ռուսաստան հսկա երկրի ղեկավարն անհետացել է, ու մի շաբաթ է, որ չեն կարողանում գտնել այդքան կարևոր մարդուն։
Մարդը հո ասեղ չի՞, որ կորի խոտի դեզի մեջ ու չգտնվի։
Ոստիկանության բոլոր ղեկավարներին պիտի կախե,լ որ չեն կարողանում գտնել իրենց երկրի նախագահին։ Մարդն այդքան տանջվել, չարչարվել է Ռուսաստանի համար, ամբողջ աշխարհի հետ վատամարդ եղավ՝ հանուն իր երկրի ու այսօրվա օրով այ սենց բախտի արժանացավ։
Մեր համար էլ լավ չի իր անհետանալը։ Չես իմանա, թե մեր տարածաշրջանում ինչ աշխարհա-քաղաքական տեղաշարժեր կսկսվեն, եթե Ռուսաստանում լուրջ քաղաքական փոփոխություններ կատարվեն։ Մեզ համար այսօրվա դրությամբ միակ հարմար տարբերակը դեռ որ ստատուս քվոն է։ Դրանից դուրս ինչ էլ կատարվի Հարավային Կովկասում, մեր օգտին չի կարող լինել, որովհետև աշխարհի հզորները միշտ կբռնեն նավթով հարուստ Ադրբեջանի կողմը։ Դե ռուսներն էլ եթե ամիսներով զբաղված լինեն իրենց ղեկավարի փնտրտուքներով, իրենց ազդեցության գոտիներն անտեր կմնան, ու ով ասես կարող է քիթը խոթել ու պատառ թռցնել այդ տարածքներից։