Ինչով կարող է ավարտվել Երևանի կենտրոնում զբոսնելիս ձեր ընկերուհու հասցեին նետված ռեպլիկը


14:07 , 15 մարտ, 2015

gei-aglumi-tbilisshi-rf-21

1in.am-ը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվում է Արմեն Գ.-ի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Արմենը 2013 թվականի փետրվարի 9-ին, ժամը 23-ի սահմաններում իր կնոջ հետ Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, երբ նրանց հանդիման դուրս եկած 23-ամյա Համլետ Մանուկյանն ու իր ընկեր Գուրգենը նրանց հասցեին վիրավորական արտահայտություն են արել. «Էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»:

Մեկ ժամ անց այդ հողի վրա նույն վայրում Արմենն իր երկու եղբայրների հետ վիճաբանել է իրեն ու կնոջը վիրավորողների հետ: Ծեծկռտուք է եղել:

Արմենից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, 20-ամյա Գագիկ Ապերյանը, նրանց մի խումբ ընկերներ իմացել են Արմենի տան հասցեն և գիշերվա ժամը 2-ին գնացել են այնտեղ:
Հավաքվելով տան դիմաց՝ Արմենի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել, շուրջ քսան րոպե հայհոյել ու կատարել են խուլիգանություն՝ առաջադրված մեղադրանքի համաձայն:

Ըստ մեղադրանքի՝ Արմենը, դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող չեխական ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, ապա իր տան մոտ խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով, ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակն իրոք հրազեն է, ոչ թե՝ «պուգաչ», մեկ անգամ էլ ասֆալտին է կրակել:

Գնդակն անդրադարձ թռիչքով գնացել է մոտակայքում կայանված «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի բացված դռան ուղղությամբ, վնասել է մեքենայի աջ դռան ապակին ու դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել է ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածք, դեմքի շրջանի միջանցիկ գնդակային վնասվածք՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Արմեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար:

Համլետ Մանուկյանին ու Գագիկ Ապերյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Մարգարյանը հանդես եկավ մեղադրական ճառով:

Դատախազը հաստատված գնահատեց ամբաստանյալների մեղքը, մինչև 3 տարի ազատազրկում առաջարկեց յուրաքանչյուրի համար, ապա միջնորդեց համաներման կիրառմամբ նրանց՝ երեքին էլ ազատել պատժի կրումից:

Ամբաստանյալները կալանքի տակ չեն: Դատական քննության ամբողջ ընթացքում, իսկ գործը տևական ժամանակ է քննվում, նրանք դատարան են գալիս, նստում են կողք կողքի… Դա, երևի, ավելի դաստիարակիչ լինի, քան իրական ազատազրկման դատապարտվելը…

Դատական հաջորդ նիստին պաշտպանական ճառերով հանդես կգա պաշտպանության կողմը: