13:28 , 15 մարտ, 2015
GalaTV.am-ը գրում է.
«Ռեժիմը հապշտապ քայլեր է կատարում իր ձեռքով ջախջախված ներհամակարգային «ընդդիմության» փոխարեն նույն համակարգի ներսում շատ ավելի մասնատված, հեշտ կառավարելի և հնազանդ «ընդդիմություն» ձևավորելու նպատակով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով Ս. Սարգսյանի «սահմանադրական կոնսուլտացիաներին» քաղաքական տարբեր ուժերի հետ:
«Իրականում մեր երկրում ներկայացուցչական ժողովրդավարությունը չի կայացել և տիրող խանական կառավարման պայմաններում երբևէ չի կայանալու: Ժողովրդի իշխանությունը յուրացված է, իսկ նրա կամքը՝ բռնադատված: Ուստի չեն կարող կայանալ նաև ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներն, այդ թվում՝ կուսակցությունները:
Նման իրավիճակում ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու ջանքերը նման են անապատում ծաղիկներ աճեցնելուն: Միակ տարբերակը ժողովրդին գործող համակարգից դուրս կազմակերպելն է և անմիջական ժողովրդավարության հաստատման քայլերով, այդ թվում՝ այլընտրանքային ընտրություններով նրա կամքը ներկայացնող այլընտրանքային ինստիտուցիոնալ մարմնի (մարմինների) կազմավորման կամ քաղաքացիական անհնազանդության գործողությունների միջոցով ժողովրդի իշխանության հաստատումն է: Միայն դրանից հետո կարող են պայմաններ ստեղծվել իրապես ներկայացուցչական ժողովրդավարության և այն իրականացնող ինստիտուտների, այդ թվում՝ կուսակցությունների ձևավորման ու գործունեության համար»:
Ըստ Վ. Ավետիսյանի՝ այդ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ է որոշակի անցումային փուլ, որի ընթացքում անցումային ժողովրդավարության սկզբունքներով բռնատիրությունից ժողովրդավարության անցնելու նպատակով պետք է իրականացվի կոշտ կառավարում՝ գործակալական և տնտեսական լյուստրացիաները, կուսակցությունների վերագրանցումը, ազատ և արդար ընտրական մեխանիզմների ձևավորումը և այլ անհրաժեշտ քայլերի կատարումն ապահովելու համար: Մեր շարժումն ընթանում է այդ ճանապարհով:
Շարունակությունն՝ այստեղ