ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում թանկացումներ կլինեն. Կարեն Չիլինգարյան


20:07 , 14 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Կարծում եմ՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության արդյունքում թանկացումներ կլինեն, որովհետև մենք պետք է ընդունենք այն խաղի կանոները, որոնք ընդունված են այդ միության մեջ:  Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Այնտեղ շատ բաներ կան, որոնք պետք է վերանայվեն, ինչի արդյունքում թանկացումներ կլինեն, թեև հնարավոր է, որ որոշ ապրանքատեսակներ էլ էժանանան»,-ասաց նա և նշեց, որ երրորդ երկրներից ապրանքների ներմուծման հետ կապված՝ հաստատ թանկացումներ կլինեն:

Կարեն Չիլինգարյանը նշեց, որ թեև սպառողները բողոքում են թանկացումների համար, սակայն դրանով հարց չի լուծվում: «Ցանկացած գնաճ սպառողի գրպանին է խփում, և նա սկսում է ընդվզել»,-ասաց նա:

Նա նշեց, որ որոշ ապրանքատեսակներ ոչ հիմնավորված են թանկանում, և օրինակ բերեց կաթնամթերքը, որը անցած տարվա համեմատ ոչ թե թնակցել է 10-15 տոկոսով, ինչպես ՏՄՊՊՀ-ն է ներկայացնում, այլ 30 տոկոսով: «Թթվասերի մեկ կիլոգրամն անցած տարի արժեր 1000 դրամ, հիմա դարձել 1300, այսինքն՝ 30 տոկոսով թանկացել է»,-ասաց նա: