19:59 , 14 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Բելառուսի իշխանությունների հետ և քննարկել Մինսկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համաժողով անցկացնելու հարցը՝ Մինսկի խմբի 12 անդամ պետությունների մասնակցությամբ: Իր հերթին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ պատրաստ են Մինսկում ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համաժողովը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետԿայծ Մինասյանն ասաց, որ Մինսկում համաժողովն անցկացնելը երկու պատճառ ունի: Առաջինը, ըստ Մինասյանի, շաբաթներ առաջ Մինսկում տեղի ունեցած Օլանդ-Մերկել-Պուտին-Պորոշենկո հանդիպման բարեհաջող արդյունքների շարունակական ֆոն ստեղծելու միտումն է. «Քանի որ Մինսկում տեղի ունեցան կարևորագույն հարցով բանակցություններ և հաջողության հասան՝ համաձանություն ստորագրելով, Մինսկի կառավարությունն ուզում է օգտվել առիթից և ավելի հեռու գնալ: Մինսկն այդ կերպ միջնորդ է դառնում, որ ինքն իր ռեյտինգը բարձրացնի»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ Մինսկը շահագրգռված է ավելի հեռու գնալ, որովհետև այս պահին ներքին խնդիրներ ունի ԵԱՀԿ-ի հետ. «Բելառուսի կարգավիճակը և երկրում տեղի ունեցածը, հաստատված դիկտատուրան եվրոպական երկրներին դուր չեն գալիս, այս պահին Բելառուսը նրանց հետ ճգնաժամային հարաբերություններ ունի, այդ պատճառով Մինսկն ուզում է այս անգամ ևս բեմ դուրս գալ՝ հաշտության աղավնու գործառույթ ստանձնելով»:
Երկրորդ պատճառը, ըստ փորձագետի, ճնշումներն են հայերի և ադրբեջանցիների վրա՝ սահմանին տիրող իրավիճակը բարելավելու ուղղությամբ. «Համանախագահները ևս շահագրգռված են, որ բանակցություններն ակտիվ լինեն, սառեցված վիճակ չլինի»,- ասաց Մինասյանը:
Հիշեցնենք, որ բացի երեք համանախագահներից ու հակամարտող կողմերից, Մինսկի խմբի անդամ են նաև Թուրքիան, Գերմանիան, Շվեդիան, Չեխիան, Սլովակիան, Իտալիան, Բելառուսը: Մեր հարցին՝ Թուրքիայի մասնակցությունն այդ համաժողովին իր մեջ վտանգ չի՞ պարունակի հայերի համար, որովհետև այդ կերպ կավելանա ադրբեջանամետ ևս մեկ դիրքորոշում և ձայն, Կայծ Մինասյանն արձագանքեց. «Նախ Թուրքիան վաղուց է Մինսկի խմբի անդամ և վաղուց ուզում է Մինսկի խմբում ավելի մեծ ներկայություն ունենալ, որպեսզի հարցն Ադրբեջանի շահերին նպաստող լուծում ստանա: Բայց ես կարծում եմ, որ այս դեպքում Հայաստանի համար վտանգ չկա, որովհետև ամեն մարդ գիտի, բոլոր պետությունները գիտեն, թե Թուրքիան ինչ տեսակ հարևան է Հայաստանի համար: Մանավանդ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ոչ ոք Թուրքիային ականջալուր չի լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։