«Don’t deny» երգը, տեսահոլովակը շատ լավն է և հուզիչ. երգիչ-երգահանները եվրատեսիլյան երգի մասին


18:03 , 14 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Երգը, տեսահոլովակը շատ լավն է և հուզիչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Հայկոն` անդրադառնալով 2015 թվականին  «Genealogy» խմբի ներկայացրած  «Don’t deny» երգին և տեսահոլովակին:  «Եվրատեսիլն այնպիսի մրցույթ է, որտեղ ակնհայտ չենք կարող ցույց տալ, թե ինչի մասին է խոսքը: Սակայն ամեն ինչ արված է ակնարկի ձևով և հատկապես հուզիչ է վերջը, երբ բոլորը պատկերացնում են իրենց նախնիներին»,- ասաց նա:

Հայկոն նկատեց նաև, որ երգի երաժշտությունը եվրոպական ստանդարտով է: «Մի քիչ անգամ նման է մյուզիքլի և ինձ դուր է եկել շատ»,- ասաց նա և նշեց, որ տեսահոլովակը ևս փայլուն է:

Հիշեցնենք, որ «Genealogy» խմբի՝ երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող անդամներին՝ Եսայի Ալթունյանին, Թամար Կապրելյանին, Վահե Թիլբյանին, Ստեֆանի Թոփալյանին և Մերի - Ջին ՕԴոհերթի Վասմաթզյանին, եվրատեսիլյան բեմում կմիավորի  ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանը։

Ինչ վերաբերում է խմբի մասնակիցներին, Հայկոն ասաց, որ նրանց թվում ճանաչում է Ֆրանսիան ներկայացնող Եսայիին, որին համարում է փայլուն արտիստ: «Խումբը շատ լավն է ու ճաշակով»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով որքանով եվրոպացի լսարանի համար դուրեկան կլինի երգը, 2007 թվականը Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգիչը նշեց.«Այնտեղ չի կարելի երաժշտական մի ուղղությամբ գնալ, պետք է գրես երգ, որը քո սրտով է, դուր է գալիս և չնայես՝ կհավանեն կամ չեն հավանի: Ի վերջո, այնտեղ բոլորն իրենց մշակույթն են ներկայացնում»:

«Դորիանս» խմբի մեներգիչ, 2013 թվականին Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող  Գոռ Սուջյանը նշեց, որ իրեն շատ է դուր եկել  երգը և հատկապես այն միտքը, որ տարբեր տեղերից հայերին համախմբել են` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:  «Տեսահոլովակը շատ նորմալ տեսահոլովակ է, համենայնդեպս երգին չի խանգարում, իսկ երաժշտությունը շատ սիրուն է»,- ասաց նա և նշեց, որ կարևորը երգը մարդկանց սրտերին հասնի:

Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանին ևս տարբեր մայրցամաքներից մասնակիցներ ընտրելու գաղափարը շատ է դուր եկել: «Ես ինքս ասել էի, որ Եվրատեսիլի բեմահարթակը հարկավոր է օգտագործել մեր ազգային շահերի համար: Եվրատեսիլը շատ լավ բեմահարթակ է, որտեղ կարող ենք ասել մեր սրտի խոսքը և  չընկնել առաջին, երկրորդ տեղերի հետևից, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Եվրատեսիլը  հիանալի  շոու  է, բայց`  անկանխատեսելի  և  ոչ  արդար»,- ասաց նա և նշեց, որ ընտրված երգիչները բավականին լավն էին և միայն ափսոսում է, որ Անուշ Արշակյանը  չկա, չնայած դա էլ  հասկանալի  է համարում, քանի որ  6  հոգու մասնակցությունը  մրցույթի պարտադիր պահանջն  է:

«Ես շատ գոհ եմ, որովհետև իմ ուզած գաղափարն է»,- ասաց նա և նշեց, որ Եվրատեսիլի բեմում մեր առանձնահատկությունների մասին պատմող  տեքստեր պետք է ներկայացվեն: 

«Երգն արված է միջազգային ստանդարտներին համապատասխան և՛ երգի հեղինակները, և՛ գործիքավորողները երևի ուսումնասիրել ու հաշվի են առնել Եվրատեսիլի պահանջները:  Մեկը  կհավանի, մյուսը` ոչ, սակայն  հեղինակներին ես վստահում եմ, գիտեմ, որ պրոֆեսիոնալ մարդիկ են և կարծում եմ, որ իրենք գիտեն, թե ինչ  են արել»,- ասաց նա և նշեց, որ միշտ էլ Եվրատեսիլի երգերում միայն 1-2  երգ է փայլուն լինում, սակայն դրանք երբեք չեն հաղթում:

Երգչուհի Զարուհի Բաբայանին առհասարակ գաղափարը և տեսահոլովակի գունային լուծումները շատ դուր են եկել, և կարծում է, որ երգն ասելիք ունի: «Կարծում եմ, որ մեկ օրվա երգ չի, այն երկար կյանք կունենա»,- ասաց նա և նշեց, որ շատ ժամանակ մեկ բառը կարող է ավելի մեծ տպավորություն թողնել, քան շատ ու շատ խոսքեր:

«Չեմ կարծում, որ եվրոպացիներն ընտրում են տարօրինակ բաներ»,- ասաց նա և նշեց, որ ըստ նրա` այս տարի շատ ավելի  հետաքրքիր երգեր են լինելու և շատ ավելի լուրջ մոտեցում:

Զարուհի Բաբայանը կարևորեց մայրցամաքները միավորելու գաղափարը: «Գաղափարի մեջ կար գլոբալ մտածողություն` միացնելու բոլոր մայրցամաքները: Դրա մեջ շատ մեծ խորհուրդ կա: Կյանքի բերմամբ, թե պատահմամբ աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայեր կան, մենք ունենք մեծ սփյուռք և հզոր գաղափար է բոլորին մեկ երգի շուրջ միավորելը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին պետք է լինի շոուն` նա ասաց. «Ես չեմ կարծում, որ սա այն երգն է, որ շոու կունենա: Բեմականությունը կարծում եմ, որ կլինի տեսահոլովակի նման` շատ քիչ լույս` որոշակի գունային գամմայի մեջ, ես կարծում եմ, որ իրենք վեց հոգով կարող են բեմը լցնել և իրենց ասելիքը տեղ հասցնել»,- ասաց նա:

ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանին երգը, տեսահոլովակը առաջին տպավորությամբ դուր է եկել:«Եվրոպացի լսարանը այնքան տարօրինակ է, որ մի տարի կարող է տարօրինակ բաներ լսել, մեկ ուրիշ տարի՝ լիրիկա, սակայն ինձ թվում է, որ այս երգն ամենաշատը հայը կհասկանա, հայի սրտին այն կկպնի»,- ասաց նա: Իսկ բեմականացման հարցում նա գտնում է, որ գուցե պետք է տպավորիչ, ազդեցիկ բան արվի: