16:35 , 14 մարտ, 2015Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը շուտով հեռուստադիտողներին կներկայանա նոր կերպարով։ «Շանթ» հեռուստանընկերության նոր սիթքոմում Անահիտը կմարմնավորի ուսում ստանալու նպատակով գյուղից քաղաք եկած աղջկա։

«Լոռեցի աղջկա դեր եմ խաղալու ու խոսելու եմ լոռեցու բարբառով։ Յուրաքանչյուր բարբառ ունի իր բարդությունը, սակայն կարծում եմ՝ շեշտադրումների առումով սխալներ թույլ չեմ տվել, քանի որ ինքս Վանաձորից եմ»,- BlogNews.am-ին ասաց դերասանուհին ու հավելեց, որ հերոսուհին միամիտ է, սակայն ժամանակի հետ կբացահայտվի նաև նրա խորամանկությունը։
Ըստ Անահիտի՝ այս կերպարով կզարմացնի հեռուստադիտողներին։ «Հերոսուհիս շատ է տարբերվում մինչ այս մարմնավորածս կերպարներից։ Ինձ համար շատ կարևոր է, որ այս դեպքում շեշտը դրվել է ոչ թե արտաքին փոփոխությունների վրա, ինչպես սովորաբար անում են, այլ դերասանական խաղի։ Երբ արտաքինումդ ինչ-որ բան է փոխվում, ավելի հեշտ է ցույց տալ տարբերությունը, իսկ երբ ներկայանում ես նույն արտաքինով, սակայն այլ կերպարով, միակ հույսդ դերասանական ունակություներդ են։ Կարծում եմ՝ ինձ կհաջողվի նորովի ներկայանալ ու զարմացնել»,- ասաց Անահիտը։

Դերասանուհու փոխանցմամբ՝ նոր սիթքոմը ներկայացնում է ընտանեկան իրավիճակ, որում դերասանուհիներ Անի Պետրոսյանն ու Անաիս Սարդարյանը կխաղան մայր ու աղջկա, «Վիտամին» ակումբի դերասանուհի Զառա Սահակյանն ու դերասան Հայկ Պետրոսյանը՝ մայր ու որդու։
Ամալյա Հովհաննիսյան