16:30 , 14 մարտ, 2015Սինգապուրի Marina Ray Sands-ը վստահորեն կարելի է համարել աշխարհի ամենայուրօրինակ հյուրանոցը։ Հենց հյուրանոցի կառուցման ընթացքում էլ պարզ դարձավ, որ այն լինելու է աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցը։ Las Vegas Sands ամերիկյան ընկերությունը և Լաս Վեգասի խաղատան սեփականատերերն այս նախագծի համար ներդրել են 5,5 միլիարդ ամերիկյան դոլար (երբեմն ասում են 8 միլիարդ դոլար, սակայն այդ գումարը հաշվում են սինգապուրյան դոլարով)։ Իրականում այս սինգապուրյան ահռելի շինությունը, որը ներառում է 2561 սենյակներ, աշխարհի բացօթյա ամենամեծ լողավազանը, խանութներ, 250 ֆուրշետի և հանդիպումների սրահներ, 2000 ցուցահանդեսային խցիկներ, մանկական ակումբ, ֆիթնես ակումբ, 2 թատրոն, սահադաշտային սրահ, կառուցվել է խաղասրահի պատճառով։ Marina Bay Sands-ի սեփականատերերն ակնկալում են խաղատան միջոցով տարեկան 1 միլիարդ դոլար ձեռք բերել և այդ շինության կառուցման ծախսերը 5 տարվա ընթացքում փակել։ Սինգապուրում խաղային բիզնեսը սկսվեց 2005թ-ին՝ խաղատան միջոցով զբոսաշրջիկներ ներգրավելու սպասելիքներով։
Եվ այս քայլը հանգեցրեց ցանկալի արդյունքին. 2010 թվականից՝ Marina Bay Sands-ի կառուցվելուց հետո, Սինգապուր ժամանող զբոսաշրջիկների թիվն աճեց 24%-ով։ Marina Bay Sands խաղատուն, որտեղ տեղավորվել են մոտ 600 աթոռներ և 2300 խաղային ավտոմատներ, օրական այցելում է 25.000 մարդ։ Խաղատուն այցելելը թանկ հաճույք է. միայն մուտքի գումարը կազմում է 100 դոլար։ Խաղատան այցելուների 1/3-ը կազմում են սինգապուրցիներ, հետևաբար նրանց ավելի հարմար է կես տարվա բաժանորդագրություն ձեռք բերել, որն արժե 2.000 դոլար։ Սակայն խաղատունն ինքնին չի կարող զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել. հիմնադիրները որոշել են բոլորին ճարտարապետությամբ զարմացնել։ 200 մետրանոց աշտարակի 55 հարկերում էլ կա մի ահռելի լողավազան, որտեղ ջուրն ասես հոսում է դեպի հորիզոն։ Բացի լողավազանից՝ շինության տանիքի վրա կան այգիներ։ Marina Bay Sands-ն ասես հետ է բերել աշխարհի յոթ հնագույն հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները։

























