Առաջին անգամ համաշխարհային տնտեսությունն աճում է, իսկ ածխածնի երկօքսիդի արտանետումների մակարդակը՝ ոչ


15:33 , 14 մարտ, 2015

Mediamonitor.am-ը գրում է.

climatechange

Վերջին 40 տարիներին, երբ աշխարհի տնտեսությունը շարունակաբար աճում էր, աճում էր նաև երկրագնդի ածխածնի երկօքսիդի մակարդակը։ Այդպես էր մինչև 2014 թվականը։ Էներգետիկայի միջազգային գործակալությունը վերջերս հայտարարեց, որ 2014 թվականին առաջին անգամ, չնայած տնտեսության աճին, ածխածնի երկօքսիդի մակարդակը չի աճել։

Նախկինում ջերմոցային գազերի արտանետումների նվազումը պայմանավորված է եղել տնտեսության անկմամբ։ Այս երևույթը բացատրվում է նրանով, որ տնտեսության աճը շատ դեպքերում բերում է էներգակիրների սպառման ծավալների աճի, որն էլ իր հերթին հանգեցնում է արտանետումների աճի։

Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության (ԵՄԳ), տնտեսության և արտանետումների այսպես կոչված «տարանջատումը» հավանաբար վերջին շրջանում կլիմայի փոփոխության դեմ ծավալված պայքարի արդյունքն է։

Անցյալ տարի, ածխածնի երկօքսիդի գլոբալ արտանետումները հասել են 32.3 մլրդ տոննայի՝ ծավալ, որը հավասար է 2013թ․ ցուցանիշին։ Վերջին 40 տարվա տվյալներով միայն երեք դեպք է գրանցվել, երբ արտանետումների աճ տեղի չի ունեցել(1980-ականներ, 1992 և 2009), բայց այս տարիները կապված են տնտեսական ճգնաժամերի և գլոբալ անկայուն իրավիճակի հետ, իսկ 2014թ․ համաշխարհային տնտեսությունն աճել է 3 տոկոսով։

«Սա ինձ է՛լ ավելի մեծ հույս է տալիս, որ մարդիկ ի վիճակի են միասին պայքարել ներկայիս ամենամեծ վտանգներից մեկի՝ կլիմայական փոփոխությունների դեմ»,-ասում է ԵՄԳ գլխավոր տնտեսագետ Ֆատիհ Բիրոլը։

Նման շրջադարձը պայմանավորված է Չինաստանի վերականգնվող էներգիայի արտադրության աճող ծավալներով և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների կողմից վերականգնվող էներգետիկային տրվող առաջնահերթությամբ։ «Վաշինգտոն փոստ»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում մեկ շնչին ընկնող էներգիայի սպառումը նույնպես կանխատեսվում է, որ նվազելու է համախառն ներքին արդյունքի աճի ֆոնին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ