13:24 , 14 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
«Ժառանգություն»-ում առաջիկայում նիստ կգումարվի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «ժառանգության» դիրքորոշումը հայտնելու համար, ինչպես նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ ՀՀ նախագահի նստավայր այցը քննարկելու կապակցությամբ: «Ժառանգությունում» սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որպեսզի քննարկումը տեղի ունենա նրա մասնակցությամբ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգության» մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:
«Այս կապակցությամբ առաջիկայում նիստ է լինելու և բոլոր հարցերը քննարկվելու է: Այս պահին հստակ որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը` ի պատասխան հարցի, թե կուսակցությունում շատերն են կիսում Զարուհի Փոստանջյանի մոտեցումը, որ պետք է դնել Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հեռացման հարցը:
«Հավանաբար։ Կսպասենք Րաֆֆի Հովհաննիսյանը կգա, նոր նիստը կլինի»,- ավելացրեց Դավիթ Սանասարյանը: Նա չբացառեց, որ կուսակցությունում հնարավոր է պառակտում լինի:
«Պառակտումը բացառում ենք ու հեռացումների կողմնակից չենք, կքննարկենք, ավելի կոնկրետ հանրությանը կներկայացնենք ստեղծված իրավիճակը»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը Ռուբեն Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի՝ Բաղրամյան 26 գնալու հետ կապված ասել էր, որ նրանք Նախագահի հետ հանդիպել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ:
Իսկ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր. «Ես որևէ ձևով չեմ մեկնաբանելու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, կա կուսակցական կարգապահություն, կա կուսակցական քննարկում, կքննարկենք և հրապարակային կասենք մեր մոտեցումը»:
Tert.am-ը փորձեց ստանալ նաև Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությունը , սակայն վերջինս հայտնեց, որ այս պահին «ոչ մի մեկնաբանություն» չի լինելու:
Հիշեցնենք նաև, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների, իսկ ՀՀԿ գործադիր մարմնի ընդլայնված նիստում նաև՝ «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: