Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է ևս մեկ զինծառայողի կորուստը


01:29 , 14 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

Սեփական կորուստները հասարակությունից թաքցնելու ձախողված քաղաքականությունից հետո Ադրբեջանը սկսել է խոստովանել բանակում իր կորուստները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մարտի 13-ին սեփական բանակի զինծառայող Օրխան Վագիֆ օղլու Գուլիևի կորուստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի Պն մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինծառայողը զոհվել է առաջնագծում` չնշելով միջադեպի հստակ վայրը և այլ մանրամասներ:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ-ն բանակում իր կորուստները սկսել է խոստովանել այն բանից հետո, երբ անցյալ տարվա օգոստոսին կրած մեծ թվով կորուստներին հաջորդեց սեփական բանակում տեղի ունեցող բացասական երևույթների վերաբերյալ մամուլում հրապարակումների խիստ արգելքը, և դրանից հետո անցել է գրեթե կես տարի:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի կայքն այսօր հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի Բաքվի Գալա ավանում տեղակայված զորամասերից մեկի ավագ սերժանտ Բահրամ Օսմանովն ինքնասպանություն է գործել` խմելով քացախաթթու:

Զինծառայողի ինքնասպանություն գործելու մասին Meydan TV-ին հայտնել են նրա հարազատները: Ինքնասպանության պատճառը հայտնի չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի խոստովանել փաստը:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 12 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 9-ը մահացել է մարտական պայմաններում:

Թև Ադրբեջանը սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները մինչև այժմ թաքցրել է սեփական հանրությունից, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 46 զինծառայող և 28-ից ավելի վիրավոր: