21:33 , 13 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
Մարտի 11-13-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: Հայ-քուվեյթյան հարաբերությունների հեռանկարի, հայկական պատվիրակության այցի նշանակության և այլ հարցերի շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Քուվեյթի միջև եղած հարաբերությունների մակարդակը ներկայում:
-Հակիրճ բնութագրմամբ՝ զգալի ներուժ ունեցող, բայց բավականաչափ չիրացված: Իսկ ընդհանուր առմամբ, Քուվեյթի Պետության հետ հարաբերությունները տեղավորվում են արաբական երկրների հետ բոլոր հարթություններում համագործակցելու Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի շրջանակներում, որի հիմքերը դրվել են դեռևս մեր երիտասարդ պետության պատմության ակունքներից:
Երկկողմանի հարաբերություններում շոշափելի գործնական առաջընթաց է գրանցվել միայն 2000-ականների կեսերից՝ մասնավորապես բարձր աստիճանի փոխայցելություններից հետո, երբ 2005թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի արդյունքներով երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցությունը բարձրացվեց որակապես նոր մակարդակի: Մինչդեռ հայ-քուվեյթյան հարաբերություններին նոր և առավել համակողմանի որակ հաղորդվեց հատկապես 2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Քուվեյթ կատարած պետական այցի արդյունքում, որի շրջանակներում տնտեսության տարբեր ոլորտների, կրթության գիտության, տեխնիկայի, քաղաքական համագործակցության առումով խոստումնալից հիմքեր դրվեցին. թվարկված ոլորտների առնչությամբ կողմերի միջև մի քանի առանցքային փաստաթղթեր ստորագրվեցին: Նախագահի այցին հաջորդած տարիների ընթացքում երկու երկրների միջև պայմանագրային բազան համալրվեց միջկառավարական, կրթական, ենթակառուցվածքներին առնչվող այլ նոր փաստաթղթերով: Մինչդեռ պետք է փաստել, որ մինչ օրս երկու երկրների միջև հարաբերությունները գործնականում չեն իրականացվում առկա ներուժին համարժեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ