Ամուսնալուծությունից հետո Արման Նշանյանի ու Դավիթ Սեխպեյանի կյանքի խառնաշփոթը՝ բեմում


18:02 , 13 մարտ, 2015

Մարտի 8-ին ԱՄՆ-ում կայացել է «Կենտ զույգը» ներկայացման պրեմիերան՝ դերասանական նոր կազմով, որտեղ գլխավոր հերոսի՝ դերասան Սոս Ջանիբեկյանի փոխարեն ներկայանալու է դերասան Դավիթ Սեխպեյանը: Մյուս կերպարներին՝ Ստեփան Ղամբարյանին, Լեռնիկ Հարությունյանին, Գագիկ Սուքիասյանին, Լյուսի Հայրապետյանին և Մարիամ Հայրապետյանին կփոխարինեն Արթուր Սուքիասյանը, Արթուր Շիրինյանը, Դելոն, Արմենուհի Սուքիասյանն ու Սիանան։

Ներկայացման ռեժիսոր Արման Նշանյանն առաջին մանրամասները վստահել է BlogNews.am-ին ու պատմել, որ պրեմիերան շատ լավ է անցել ու շատ լավ ընդունվել։ «Իհարկե, այս դեպքում հանդիսատեսի արձագանքն այլ էր, մարդիկ այլ տեղերում էին ծիծաղում, սակայն, ըստ իս, նույնքան բավականություն ստացան, որքան Հայաստանում։ Կարծում եմ՝ տարբերությունը հանդիսատեսի ընկալման մեջ է»,- նկատեց Արմանը։

Ներկայացումն ամուսնալուծված ընկերների մասին է, որոնց մարմնավորում են Արման Նշանյանն ու Դավիթ Սեխպեյանը։ Կյանքի այս բարդ փուլում նրանք սկսում են միասին ապրել: Միևնույն ցավով, սակայն ծայրաստիճան տարբեր բնավորությամբ ընկերների կյանքը վերածվում է խառնաշփոթի: Կատակերգական սյուժեն ունի իր դրամատիկ ընթացքը: Ըստ դերասանի՝ ներկայացումն ամերիկաբնակ հանդիսատեսին ներկայացնելուց որևէ փոփոխության չի ենթարկել։ «Ես բեմադրել եմ նույն բանն այլ դերասաններով։ Պարզապես այս դեպքում յուրաքանչյուր դերասանն իր մոտեցումը ցուցաբերեց  տվյալ կերպարին»,- ընդգծեց ռեժիսորը։

Արմանը ցավով նկատեց, որ ամերիկաբնակ հայերը հաճախ գնում են ինչ-որ ներկայացման՝ զուտ գնալու համար, սակայն չեն էլ իմանում, թե ուր են գնացել և ինչու, այդ իսկ պատճառով իրեն ավելի հաճելի է ներկայանալ հայաստանաբնակ հանդիսատեսին։ Միաժամանակ նա նկատեց, որ ԱՄՆ-ում ներկայացում խաղալն ավելի շահավետ է։ «Այստեղ մի ներկայացումից նույնքան շահույթ է լինում, որքան Հայաստանում 10-15 ներկայացումից, սակայն դա ինձ չի հուզում։ Ես արվեստագետ եմ, և իմ նպատակը գումար աշխատելը չէ։ Ինձ համար առավել կարևոր է, որ մարդկանց ճաշակը զարգանա»,- ասաց Արմանը։

Ինչ վերաբերում է դերասանական կազմի խաղին՝ ռեժիսորը շեշտեց, որ շատ գոհ է Ամերիկայի դերասանական կազմից, սակայն Հայաստանում արված բեմադրությունն իրեն ավելի հոգեհարազատ է։ «Դա կարծես առաջին սեր լինի, առաջինը երբեք չես մոռանում։ Շատ եմ ցավում, որ չնայած բոլոր ջանքերին՝ չկարողացա էդտեղի դերասանական կազմին բերել ԱՄՆ»,- նշեց դերասանը։

Արմանի փոխանցմամբ՝ այս ամիս 2 ներկայացում կունենան ԱՄՆ-ում, ապրիլին ինքը սկզբունքորեն չի խաղա «Կենտ զույգը»։ «Ապրիլը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ամիսն է, և ես ինձ թույլ չեմ տա խաղալ կոմեդիա, սակայն մայիսին կրկին կխաղանք այս ներկայացումը»,- ասաց նա։

Արմանը հայտնեց նաև, որ ներկայացումն ամբողջությամբ նկարահանվել է և հնարավոր է՝ հասանելի դառնա հայաստանաբնակ հանդիսատեսին։ «Եթե դատարկ պրոյեկտները տեղ տան մի քիչ որակով նախագծերին, և հեռուստաընկերությունների ղեկավարները մտածեն, որ մեր երեխաները պետք է զարգանան և չպետք է միայն հիմարություն դիտեն, ես կտրամադրեմ այն»,- ասաց Արմանն ու հավելեց, որ պատրաստ է ներկայացումն անվճար տալ հեռուստաընկերություններին, քանի որ իր նպատակը գումար աշխատելը չէ։

Ամալյա Հովհաննիսյան