17:30 , 13 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Եթե ԵՏՄ միասնական արժույթին անցնելուց առաջ իրականացվեն մի շարք փուլային քայլեր, ապա այն նպաստավոր կլինի Հայաստանի համար, եթե ոչ, ապա անդամ երկրների միջև շահերի բախում կառաջանա, և Հայաստանի տնտեսության համար հնարավոր է բացասական զարգացումներ լինեն:
Սա տնտեսագիտության դոկտոր, Վերահսկիչ պալատի առաջին նախագահ Աշոտ Թավադյանի պարզաբանումն է Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթի հնարավոր անցման հարցում:
Հիշեցնենք, որ Պուտինը հանձնարարել էր ուսումնասիրել ԵՏՄ-ում արժութային միություն ստեղծելու հնարավորությունը։
Նա նշեց, որ նախքան անցումը անհրաժեշտ են հետևյալ միջոցառումները. «Անհրաժեշտ է վարել համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն, որը կապահովի գնաճի էական տատանումների բացակայությունը, փոխարժեքի և գնաճի փոփոխությունները պետք է համաչափ լինեն, Հայաստանը պետք է բարձրացնի փողայնացման մակարդակը և նպատակահարմար է ունենալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ համաձայնեցված քաղաքականություն»:
Անդրադառնալով համաձայնեցված դրամավարկային քաղաքականությանը, Աշոտ Թավադյանը նշեց, որ ԵՏՄ պայմանագրի 63-րդ հոդվածում` «Հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնք որոշում են տնտեսական կայունությունը», նշվում է, որ ԵՏՄ երկրների գնաճը 5 տոկոսային կետով չպետք է գերազանցի այն երկրի գնաճին, որտեղ ամենացածր գնաճն է արձանագրվել:
«Իհարկե, համաձայն այդ պայմանագրի, համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն պետք է վարել: Համաձայնեցված քաղաքականություն դեպքում տարադրամի փոփոխություններն էլ պետք է հնարավորինս համաչափ լինեն»,- ասաց նա։
Ըստ Աշոտ Թավադյանի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նպատակահարմար է նաև հատուկ հիմնադրամ ստեղծել, որը եթե ԵՏՄ անդամ որևէ երկրում (անդամ մյուս երկրների համեմատ) տարադրամի փոփոխության էական շեղում լինի, փոխհատուցի սոցիալական ծախսերը:
«Փոփոխությունները ազգային տարադրամների, ԱՄՆ-դոլարի և Եվրամիության եվրոյի նկատմամբ պետք է լինեն համաչափ և համապատասխանեն այդ երկրներում գնաճին»,- ավելացրեց նա:
Փողայնացման աճի ապահովումը, ըստ Աշոտ Թավադյանի, նույնպես առաջնային խնդիր է, քանի որ Հայաստանում ու ԵՏՄ երկրներում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 40 տոկոս, Ռուսաստանում՝ 50 տոկոս, որը բավարար չէ։
Աշոտ Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցում պետք է վարի համաձայնեցված քաղաքականություն: Հայաստանում վարվում է թանկ փողերի քաղաքականություն. գնաճի համեմատ բավականին բարձր է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա չի նպաստում տնտեսական աճին:
«Համաձայնեցված դրամավարկային քաղաքականությունը իհարկե վերաբերվում է նաև տարադրամի քաղաքականությանը: Տեսեք ինչ կատարվեց, այն պատճառով, որ նավթի գները մոտ երկու անգամ էժանացան. Ռուսաստանի տարադրամային՝ երկար փողերի հոսքը դժվարացավ, և տեղի ունեցավ դոլարի որոշակի արժևորում գրեթե ամբողջ աշխարհում` ռուսական ռուբլին արժեզրկվեց 70 տոկոսով, ՀՀ դրամը արժեզրկվեց մոտ 18 տոկոսով, բայց մենք իրականում դրա համար շատ ավելի թանկ վճարեցինք: Ռուսաստանի տարադրամային պահուստները նվազեցին մոտ 17 տոկոսով, իսկ մեզ մոտ՝ շուրջ 34 տոկոսով: Մենք վնասներ ունեցանք նաև արտահանման տեսակետից, քանզի ՀՀ ապրանքների գները ռուսական ռուբլով աճեցին, դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժևորման պատճառով: Նաև դա բացասաբար անդրադարձավ փողայնացման ցուցանիշի վրա: Ի դեպ, վերոհիշյալ երևույթները բացասաբար անդրադարձան նաև տարածաշրջանի այլ երկրների վրա»:
Նախքան միասնական արժույթին անցնելը, անհրաժեշտ է անցնել նաև ազգային տարադրամների փոխադարձ հաշվարկների, սա, իհարկե, վերաբերում է նաև գազի ներկրմանը:
Աշոտ Թավադյանը կարծում է, որ առանց սրա ԵՏՄ միասնական արժույթը հանգեցնելու է անդամ երկրների միջև շահերի բախման: Բայց կարծում է, որ միակ ելքն այն է, որ Հայաստանը շատ ակտիվ պաշտպանի իր տնտեսական շահերը:
Նա ամփոփեց, որ մինչև միասնական արժույթին անցնելը անհրաժեշտ են հետևյալ քայլերը. առաջինը` գնաճի ոչ բարձր և էապես չտարբերվող ցուցանիշի ապահովում: Երկրորդը՝ արտաքին արժույթների և հատկապես՝ դոլարի նկատմամբ մեր ներքին արժույթների փոխարժեքի փոփոխության համաձայնեցված քաղաքականություն: Երրորդը՝ փողայնացման մակարդակի բարձրացում, որը հատկապես Հայաստանում շատ ցածր է: Եվ չորրորդը՝ իրար առավելագույնս մոտ վերաֆինանսավորման տոկոսադրույքներ: Առհասարակ, դրամավարկային քաղաքականությունների համահարթեցում: Այս խնդիրների լուծումից հետո միայն կարելի է խոսել միասնական տարադրամի մասին: