16:37 , 13 մարտ, 2015
Գնում ես խանութ ու տեսնում, որ ապրանքը կրկին թանկացել է, իսկ գնային իջեցումների մասին անգամ երազելն անիմաստ է: Խոշորներին վերահսկելն էլ երևի ժողովրդի գործն է, ոչ թե ՏՄՊՊՀ-ի: Երբ երկու խոշոր կաթնամթերքի ընկերություններ իրենց արտադրանքի գները բարձրացնում են, իսկ մյուսն իջեցնում է, ՏՄՊՊՀ-ն փոխանակ այդ գինը բարձրացնողներին ստիպի, որ իջեցնեն՝ ավելի մատչելի գնով իր ապրանքը վաճառող ընկերությանն անվանում է անբարեխիղճ և ստիպում գին բարձրացնել:
Այստեղ մի հետաքրքիր պարադոքսի ենք հանգում: Փաստորեն, ավելի էժան գնով կարելի է ապրանք վաճառել ու եկամուտ ունենալ, բայց, չգիտես ինչու, մարդիկ ավելի թանկ են վաճառում: Ի՞նչ է, ՏՄՊՊՀ-ն աղքատ երկրում նպաստում է որոշների գերշահույթ ստանալո՞ւն։
Եթե այդպես է, եկեք անունը փոխենք, դնենք. «Տնտեսվարողների եկամուտների բարձրացմանը նպաստող հանձնաժողով»:
Այլ վիճակ է, երբ խոսքը վերաբերում է մենաշնորհային ինչ-որ ապրանքի, այստեղ ՏՄՊՊՀ-ն մի տեղ կանգնած՝ իր համար ուղղակի հետևում է, իսկ մենաշնորհ ունեցողը կամայականությունների է դիմում՝ մի օր ապրանքի գինը 800 դրամ է, հաջորդ օրը՝ 470, մի քանի օր հետո էլ 900: Լավ, ՏՄՊՊՀ-ն այս ամենը չի՞ տեսնում, եթե չի տեսնում, թող դադարեցնի իր գործունեությունը:
Հիշում ենք դեկտեմբերին դոլարի տատանման արդյունքում գների բարձրացումը, դոլարն իջավ, գները մնացին: Կեցցե ՏՄՊՊՀ-ն:
Հ.Գ. Գները բարձր են, ապրանքները թանկ են, ամենայն հավանականությամբ դրա համար էլ ՏՄՊՊՀ պետն իր որոշ վճարումներ չի հասցնում անել: