Հարգելի լրագրողներ, ձեր մտքերը մի՛ սփռեք այս վիրտուալ և անկայուն միջավայրում, տպագրեք և պահպանեք


15:03 , 13 մարտ, 2015

Թե ներկայիս, թե անցյալի հայ մամուլն անգին է... Հնարավոր չէ մաքսիմում օբյեկտիվ հասկանալ ու վերլուծել Հայաստանի, սփյուռքի, հայության հետ կապված ցանկացած իրողություն՝ առանց տվյալ ժամանակաշրջանի մամուլի ուսումնասիրության: Դե, սա նորություն չէ: Նորությունն այն է, որ այժմ լրագրողները, հետազոտողները, գիտնականները և այլք իրենց հոդվածները, հետազոտություններն ու մտքերը, ելնելով տեխնիկական հնարավորություններից, շատ հաճախ հրապարակում են համացանցում՝ տարբեր կայքերում, որոնք արտացոլվում են ՖԲ-ում, այլ ոչ տպագիր աշխատանքներում:

Ես չգիտեմ, օրինակ, տասը տարի անց կամ ավելի ուշ մատաղ սերունդը ինչպես կկազմակերպի իր հետազոտական գործունեությունը, բայց որ ներկայիս գիտական, լրատվական և այլ բնույթի կայքերը ժամանակի ընթացքում փակվում են և նորերով են փոխարինվում, դա հաստատ է: Ի՞նչ է ստացվում: Ձեր աշխատանքը կորում է այդ կայքերի հետ:

Հարգելիներս, ձեր մտքերը մի սփռեք այս վիրտուալ և անկայուն միջավայրում, տպագրեք և պահպանեք: Տպագիր մամուլն իր արդիականությունը երբեք չի կորցնի նաև ապագայում: Հաստատ: