14:53 , 13 մարտ, 20151in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
-Պարո’ն Մինասյան, Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանն ու կենտրոնական բանկին հանձնարարել է աշխատանք սկսել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ՝համագործակցելով անդամ երկրների հետ: Ի՞նչ մտահոգություններ ունեք այս առումով:
-Սա նորություն չէ, քանի որ ԵՏՄ անդամակցության ճանապարհին այս հարցը քննարկվել է: Այլ խնդիր է ժամկետը. դա նախատեսվում էր 2020 թվականից հետո, եթե ստեղծվեն անհրաժեշտ հիմքեր, ձևավորվեն բազաներ: Քանի դեռ չկա այդպիսի հիմք, բազա, անիմաստ է խոսել միասնական արժույթի մասին: Միասնական արժույթ` նշանակում է միասնական տնտեսական, ֆինանսական քաղաքականություն ամբողջ միության տարածքում, այսինքն՝ խոսքը չի գնում միայն ներմուծման, արտահանման կամ մաքսային միավորման մասին, այլ նաև ամբողջ քաղաքականությունը՝ սկսած սուբսիդավորումից, ավարտված բոլոր ճյուղերում ֆինանսական հոսքերի ճշգրիտ կառավարմամբ, բանկային համակարգի միասնական կարգավորման մոդելով: Բայց ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում և թե՛ նաև միության մյուս երկրներում գործում են կարգավորման տարբեր համակարգեր: Այնպես որ` եթե դրա մասին Ռուսաստանը ներքին քննարկումներ է սկսում կամ փորձում է համագործակցել, չհայտնվենք վախեցածի կամ հիասթափվածի վիճակում, թե` վայ, էս ի՞նչ է կատարվում: Ի վերջո, եթե տնտեսական ինտեգրման աստիճանն այն մակարդակի լինի, որ թույլ կտա միասնական արժույթով շատ ավելի հեշտ լուծել խնդիրը, հնարավոր է նաև գնալ այդ քայլին:
-Բայց մենք ունենք ԼՂՀ խնդիրը, մեր միասնական արժույթ դրամը:
-Որևէ ձևով միասնականությունը չի կարող տուժել դրա արդյունքում: Այսինքն՝ ԼՂՀ տարածքում կշարունակի շրջանառվել հայկական դրամը, իսկ միացումից հետո նաև միասնական արժույթը: Որևէ սահմանափակում, այդ առումով, չկա և չի կարող լինել: ԼՂՀ-ի սուվերեն իրավունքն է, թե ինչ արժույթ շրջանառի իր տարածքում:
-Բայց ԼՂՀ-ն ԵՏՄ անդամ չէ:
-Դա նույնն է, եթե ասեք, որ Հայաստանն ընդուներ որոշում, որ Եվրամիության արժույթը՝ եվրոն է շրջանառվում, արդյոք չի խանգարի՞, որ Հայաստանը ԵՄ անդամ չէ, իհարկե, չի խանգարի: Դա յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, և եթե մենք ընդունում ենք, որ ԼՂՀ-ն սուվերեն պետություն է, ինքն է որոշում, այդ թվում` նաև մաքսային ընթացակարգերը` որ երկրի ապրանք թողնի, ինչ մաքսով վերցնի:
-Պարո’ն Մինասյան, ՌԴ-ից եկող տրասֆերտները 50 տոկոսից ավելի կրճատվել են: Մինչև տարեվերջ, ըստ մասնագետների, իրավիճակը կխորանա: Ի՞նչ պետք է արվի այս ուղղությամբ: Կա կարծիք, որ ԵՄ-ի հետ պետք է սկսել ավելի լայն համագործակցության շրջանակ:
-Եթե այդպիսի հնարավորություն կա, ցանկացածի հետ էլ պետք է սկսել այդպիսի լայն շրջանակ, այսինքն՝ չսպասել, որ տրանսֆերտներն անկում ապրեն, նոր սկսել: Սա նշանակում է, որ գիշեր-ցերեկ աշխատանքի լայն դաշտ է բացվել, և պետք է աշխատենք: Բազմիցս ենք ասել, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար ստեղծել է հնարավորություններ, բայց շատ բան կախված է Հայաստանից: Նույն տրանսֆերտների հետ կապված հարցը. այն կապված է ռուսական տնտեսության վատ վիճակի հետ: Անգամ եթե Հայաստանը չլիներ ԵՏՄ անդամ, միևնույն է, տրանսֆերտները էլի անկում էին ապրելու: Այնպես չէ, որ եթե Հայաստանը ԵՏՄ անդամ չլիներ, մեր քաղաքացիների տրանսֆերտները մեծանալու էին, կամ ԱՄՆ-ը որոշելու էր չկիրառել տնտեսական պատժամիջոցներ: Օբյեկտիվ իրականությունն այն է, որ, անկախ նրանից, Հայաստանը ԵՏՄ անդամ է, թե` ոչ, տրանսֆերտների նվազումը փաստ է, և դա իրողություն է: Տրանսֆերտների նվազեցումը մեզ նորից չպետք է մղի ծայրահեղ մոտեցումների:
Այո, մենք ունենք երկրում նաև ներքին պոտենցիալ, որը հիմա պետք է իրացնել, քանի որ իրացման լայն դաշտ է բացված: Եվ տնտեսական պատժամիջոցը, որքան էլ բացասական դրսևորում ունի Ռուսաստանի և միության տարածքի համար` առհասարակ, բայց նաև ներքին տեսակետից իրական հնարավորություն է բացել հայկական ապրանքների մուտքը այդ տարածաշրջաններ ավելի մեծացնելու, ընդլայնելու: Եթե մեր տնտեսությունը կազմակերպված ձևով աշխատի՝ սկսած գյուղատնտեսությունից, ավարտված արդյունաբերությամբ, մենք կկարողանանք ոչ միայն տրանսֆերտների նվազեցումը փոխհատուցել մեր իրական եկամուտներով, այլ նաև կնպաստենք, որ հաջորդ տրանսֆերտային աճն ուղղվի դեպի կապիտալ ներդրումների ոլորտ:
Մենք ունենք արտահանում մոտ մեկ միլիարդ: Ես հույս ունեմ, որ այս նոր օրենսդրական նախաձեռնությունը կապահովի էական աճ արտահանման ծավալում, և ներմուծման հետ կապված որոշակի բալանսավորում կիրականացվի: Չեմ ասւոմ, որ շեշտակիորեն կկրճատվի, բայց որոշակի դրական առաջընթաց կարող ենք ակնկալել:
Երկրորդ՝ ԵՏՄ-ի շրջանակներում նոր խաղի կանոնները դեռևս պետք է ընկալվեն, դեռևս պետք է մարսվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք դեռևս հարմարեցված չեն: Կարճ ժամանակամիջոցում, բնական է, հնարավոր չէր:
Մյուս խնդիրն էլ կա` մեր այս կեցվածքը՝ վայ, ամեն ինչ վատ է, հնարավոր չէ, մեկ ամսվա տվյալներով` տրասնֆերտները հիսուն տոկոսով կրճատվեցին, նմանվում է այն բանին, որ գնանք, մեզ գցենք գետը, խեղդվենք: Այդպես չէ: Տնտեսությունը օրգանիզմ է, և այդ օրգանիզմն ունի թե’ անկումային, թե’ վերելքային հնարավորություններ, այլ բան է, թե մենք որքանով ենք կարողանում մեր իմունային համակարգը ուժեղացնել: