12:00 , 13 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման մասին խոսվում է տարիներ շարունակ, թեև մինչ օրս ոլորտում չեն կատարվել խոշոր ներդրումներ և սահմանված չէ էլեկտրաէներգիայի սակագինը: Այն, որ նավթի և գազի ռեսուրսներ չունեցող երկրի համար այլընտրանքային էներգետիկան չափազանց կարևոր է, գաղտնիք չէ, և խնդրի արդիականությունը հաշվի առնելով` արդեն իսկ փորձ է կատարվում ստեղծել առաջին արևային էլեկտրակայանները: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարների և արևային էլեկտրակայանների կառուցման հնարավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, հաճախ է խոսվում այն մասին, որ մենք ունենք նախանձելի պայմաններ` արևային էներգետիկայի զարգացման համար: Ի՞նչի արդյունքում է ձևավորվել այս պնդումը:
-Տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 2 անգամ ավելի շատ «արև» կա, քան օրինակ եվրոպական երկրների միջին ցուցանիշը: Մեզ մոտ արևային օրերի քանակը տարեկան հասնում է 300-ի, իսկ արևային ժամերը` 3000-ի: Այս բոլոր տվյալներն ամփոփված են արևային քարտեզներում և ապացուցում են, որ մենք ունենք լավ ռեսուրս` էներգետիկայի այս ոլորտը զարգացնելու համար: Միակ խոչընդոտը, որի պատճառով մինչ այսօր չենք կարողացել կառուցել արևային կայաններն, այն է, որ սարքավորումների ձեռքբերման համար կապի տալ ներդրումներ էին հարկավոր: Սակայն ներկայում արևային տեխնոլոգիաները զգալիորեն էժանացել են, և տնտեսապես շահավետ է դարձել արևային կայանների կառուցումը:
- Որքանո՞վ է մատչելի նման տեխնոլոգիաների ձեռքբերումը: Հիմա մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ունենալու արևային էլեկտրակայաններ:
- 2010 թվականի համեմատ արևային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների արժեքը նվազել է 80 տոկոսով: Դա հիմնականում Գերմանիայի իրականացրած ծրագրերի արդյունքն է, քանի որ այն մասշտաբայնորեն սկսեց կիրառել արևային տեխնոլոգիաները, իսկ Չինաստանն էլ զարկ տվեց արդյունաբերությանը: Արդյունքում հիմա կան շատ որակյալ ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաներ, որոնք կարող են մրցակցել ավանդական էլեկտրակայանների արտադրության հետ: Մենք արդեն Կլիմայի ներդրումային հիմնադրամից գումարներ ենք ներգրավել` արևային էներգետիկայի զարգացման համար: Այդ գումարները մատչելի վարկերի տեսքով կտրամադրվեն ապագա ներդրողներին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել սահմանվելիք սակագինը: Ծրագրում կա նաև գրանտային մաս, որն այս տարի օգտագործվելու է արևային քարտեզով նախանշված վայրերում մանրամասն հետազոտությունների և ներդրումային ծրագրերը պատրաստելու համար:
-Ի՞նչ նպատակ են հետապնդելու այդ հետազոտությունները:
- Մեր արևային քարտեզով նախանշել ենք 6 ամենաբարձր ներուժով վայրերը, սակայն հատուկ սարքավորումների միջոցով հարկավոր է ավելի հստակ չափել այդ վայրերի արևային ռեսուրսը, որպեսզի հասկանանք` ինչ կայաններ է հնարավոր կառուցել: Երբ արդեն ունենանք հաշվարկները, կմշակենք ներդրումային ծրագրերը և կկարողանանք հայտարարել միջազգային մրցույթ և ներդրողներ բերել: Ովքեր առաջարկեն լավագույն սակագները, այսինքն` ցածր, նրանք էլ կառուցապատման իրավունք կստանան: Ակնկալում ենք, որ այս մեխանիզմը հետագայում մասշտաբային էֆեկտ կստանա: Չենք ուզում այս վեց ծրագրերն ավարտել և սահմանափակվել դրանով:
-Նշեցիք, որ ընտրելու եք նվազագույն սակագին առաջարկող ներդրողին: Իսկ ի՞նչ սկզբունքով է որոշվելու սակագինը:
-Սակագինը, որ որոշվելու է, չպետք է ինչ-որ կերպ բացասական ազդեցություն ունենա էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագնի վրա: Մեր նախարարության առաջնային նպատակն է մատչելի էներգիայի մատակարարումը քաղաքացուն: -Ի՞նչ ժամկետներ եք նախանշել այս գործողությունների իրականացման համար: -Այս տարվա վերջին կունենաք ներդրումային ծրագրերը և հույս ունենք, որ եթե ֆորսմաժորային խնդիրներ չառաջանան, 2016-2017 թթ. արդեն կունենանք առաջին արևային կայանը: Նպատակ ենք դրել կառուցելու առնվազն 30 մեգաՎատտ հզորության կայան։ Սակայն վերջնական ծավալն ու գինը կպարզվի մրցույթի արդյունքում:
-Երբ մի քանի տարի առաջ հարմար ներդրումային միջավայր ստեղծվեց ՀԷԿ-երի կառուցման համար, երկրում «բում» առաջացավ ներդրումային ծրագրերի բազմազանությունից: Նման արդյունքի եք ցանկանո՞ւմ հասնել նաև արևային էլեկտրակայանների կառուցման ժամանակ:
-Փոքր ՀէԿ-երի կառուցումը մեծ թափ ստացավ, քանի որ այն ձեռնտու տարբերակ էր մեր էներգահամակարգի համար: Փոքր ՀԷԿ-երից ստացված էլեկտրաէներգիայի արժեքը մատչելի է միջին կշռույթային արժեքից, այսինքն` արդեն վերջնական սպառողական սակագնի գնագոյացման վրա ունեն դրական ազդեցություն։ Իսկ արևային էներգետիկայի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, քանի որ այն կանխատեսելի է դարձնում էներգետիկ ոլորտը: Այստեղ պայմանագրերը կնքվելու են 20 տարով և ֆիքսված սակագնով: Այդ ողջ ընթացքում մենք ունենալու ենք կայունություն, որը հնարավոր չէ կանխատեսել օրինակ ջերմային կայանների պարագայում, քանի որ այդտեղից ստացվող էլեկտրաէներգիայի սակագինը կախված է գազի գնից: Կարծում եմ` այն «բումը», որ ունեցանք փոքր ՀԷԿ-երի դեպքում, տարիներ անց ոչինչ են թվալու «արևային բումի» դիմաց: Մեր նպատակն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ամեն տան կտուր դառնա փոքր միկրոկայան, որ յուրաքանչյուր մարդ հասկանա այս ամենի կարևորությունը և նոր տուն կառուցելիս նախատեսի նաև փոքր արևային տաքացուցչի կամ ֆոտովոլտայիկ մարտկոցի տեղադրումը: Վերջիվերջո ուզում ենք հասնել նրան, որ բոլորը հասկանան` էներգետիկան ոչ միայն լարման գծերն ու ատոմակայանն է, այլ բոլորի տանը տեղադրված միկրոկայանները և որ բոլորս մասնակիցն ենք այս մեծ համակարգի: