Հայաստանը ևս մեկ անգամ հանդուրժողականության կոչ է անում Ադրբեջանի «աբիժնիկ» սուլթանին


11:52 , 13 մարտ, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը: Իրականում ՀԱՕԿ-ը ճիշտ որոշում է կայացրել` նախ այն իմաստով, որ մենք, որպես հարևան պետություն, մեր հասարակության մեջ ատելություն չենք սերմանում Ադրբեջանի նկատմամբ, մյուս կողմից, սպորտային միջոցառումները չքաղաքականացնելով, Հայաստանը ևս մեկ անգամ հանդուրժողականության և սթափության կոչ է անում «աբիժնիկի» հոգեբանությամբ առաջնորդվող, պարտված Ադրբեջանի սուլթանին: Կարծում եմ` ՀԱՕԿ-ի որոշումը ողջունելուց բացի, ճիշտ կլիներ, որ Ուորլիքն անդրադառնար Բաքվի հերթական ցինիկ որոշմանը: Սուլթանատի որոշմամբ` խաղերին նախորդող բացման շքերթին մեր պատվիրակությունը չի մասնակցելու: Այսինքն, այլ պետությունների դրոշների շարքում մեր եռագույնը չի ծածանվելու: Վստահ եմ` այս սխալն իրենց հաղթանակներով կուղեն մեր մարզիկները, իսկ հաղթանակների դեպքում Բաքվում և՛ կծածանվի մեր եռագույնը, և՛ կհնչի մեր օրհներգը: Ցավում եմ, որ ամերիկյան պաշտոնյաները միակողմանի են անդրադառնում հակամարտող կողմերին վերաբերող խնդիրներին: