11:20 , 13 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է.
Երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ: «Միավորված աշխատանքային կուսակցության» (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ եւս հանդիպել է Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ մինչ այդ էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հանդիպում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ այս անգամ քննարկելու, թե ԲՀԿ-ի «փլուզումից» հետո ինչպիսին պետք է լինեն իր քայլերը, ինչպես նաեւ՝ պարզելու, թե ինչպիսին է Ս. Սարգսյանի վերաբերմունքն իր անձի ու կուսակցության հանդեպ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Գ. Արսենյանից պարզել, թե ներկայումս նա ինչ «փնտրտուքների» մեջ է ու արդյո՞ք քաղաքական ապաստանի խնդիր ունի:
-Պարո՛ն Արսենյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջին օրերին Դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հարցերի քննարկման համար են եղել այդ «թաքուն» հանդիպումները:
-Ընդհանրապես նախագահական նստավայր ես մուտք եմ գործում հիմնական մուտքից, ես թաքուն բաների կողմնակից չեմ: Առանձնազրույց եղել է նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական նոր իրավիճակը եւ այն խնդիրները, որոնք որ շուտով վերաբերելու են հայեցակարգի քննարկմանը:
-Նշվում է, որ այս օրերին Դուք փորձում եք հասկանալ, թե որ «ճամբարում» շարունակեք «գործել» եւ որ հենց այս հարցն եք փորձել պարզել Սերժ Սարգսյանի հետ Ձեր առանձնազրույցի ժամանակ: Արդյո՞ք Դուք քաղաքական «ապաստան» եք փնտրում, որոշել եք հեռանա՞լ ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերից:
-Քաղաքական ապաստան փնտրելու թեորիայի հեղինակներին՝ իմ եւ ՄԱԿ-ի մասին «անհանգստացողներին», շնորհակալություն եմ հայտնում իրենց մտահոգության համար, առաջարկում եմ նաեւ մի քիչ ավելի շատ անհանգստանան իրենց հիվանդ երեւակայության համար եւ ավելի ուշադիր լինեն իրենց անձնական խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանի հետ այս հանդիպումից առաջ եղել է մի հանդիպում, ու այդ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ քննարկվել է այն հարցը, որի հետ կապված արդեն տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ մեր կուսակցության անդամների հանդիպումը: Ինչ վերաբերում է ներկուսակցական այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում ԲՀԿ-ում, լսել եք մի հայտարարություն իմ կողմից, որը վերաբերեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում տեղի ունեցող պրոցեսներին, հաստատ չեք լսել: Այսինքն՝ ես՝ որպես քաղաքական դաշնակից, պահում եմ էթիկան եւ կոռեկտությունը` սպասելով, թե այդ կուսակցության ներսում պրոցեսները երբ կավարտվեն եւ ինչ արդյունք կունենանք հետո: Համարում եմ, որ դա ամենաճիշտ կեցվածքն է: Խմբակցության հարց դեռեւս օրակարգում չկա, դեռ կուսակցության հարց կա, եթե Դուք ուշադրություն դարձնեք, ապա այդ իրադարձությունները վերաբերում են կուսակցությունից անդամների դուրս գալուն, դրանք ներկուսակցական հարցեր են, իսկ երբ հարցերը կլինեն խմբակցության վերաբերյալ, այդ հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը կասենք, որպես խմբակցության անդամ: Ամեն ինչ պետք է արվի իր հերթականությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ