ԵՊԲՀ «առաջընթացը». 1. Ուսանողական խորհրդարանի դիրքերը


21:01 , 3 մարտ, 2012

Երբ տարիներ առաջ ողջ ուսանողությունը ոտքի էր կանգնել, դասադուլ էր անում, որ մագիստրատուրայից ու ասպիրանտուրայից բանակ չտանեն, բժշկականը պասիվ էր: Պատճառը բնավ այն չէր, որ ԵՊԲՀ ուսանողությունը թքած ուներ կամ էշի ականջում քնած էր: Պարզապես առաջին դասադուլավորների հայտնվելուն պես ուսանողական խորհրդարանը բանավեճ կազմակերպեց, որը սկսվեց մոտավորապես այսպես. «Մենք ընտրում ենք պայքարի ավելի քաղաքակիրթ տարբերակը` դասադուլի փոխարեն բանավեճ կազմակերպելով, փորձելով լուծումներ գտնել»:

Չեմ կարծում, թե բանավեճը որևէ պտուղ տվեց: Միայն այն է տպավորվել, որ Աշոտյանն անընդհատ զինվորի դուխից էր խոսում` պնդելով, որ դա ավելի կարևոր է, քան բարձրագույն կրթություն ունենալը: Էդ ընթացքում ինչ-որ մեկը նրան հարցրեց, թե արդյոք ծառայել է բանակում: Կարծեմ հենց էդտեղ ավարտվեց բանավեճը:

ԵՊԲՀ-ն այդպես էլ չմիացավ դասադուլին` համոզված լինելով, որ պայքարի ավելի քաղաքակիրթ տարբերակն է ընտրել, մինչդեռ իրականում դա ընդամենը նշանակում էր չպայքարել: Ուսանողական խորհրդարանը կատարեց իր քաղաքական դերը` դասադուլավորների թվից հանելով ԵՊԲՀ ուսանողներին: 

Երկու տարի անց Սահմանադրության հանրաքվեի «Այո»-ներն էին շրջում համալսարանի պատերին, իսկ այն ժամանակվա ռեկտորը` Վ.Պ. Հակոբյանը, դասախոսությունների ժամանակ քարոզում էր հանրաքվեին մասնակցել և «Այո»-յի դիմաց թռչնակ դնել:

Իսկ ուսանողական խորհրդարանի պաշտոնաթերթ «Մեդիկուսին» թղթակցելու տարիներին մի քանի անգամ սարսափ եմ ապրել, երբ հին համարներում հանդիպել եմ ՀՀԿ-ի գովքին, իսկ մի համարի շապիկին նույնիսկ Գագիկ Բեգլարյանի նկարը: 

Ուսանողական խորհրդարանը կարծեմ ստեղծված էր ուսանողների շահերը պաշտպանելու համար: Թերթում էլ զանազան սուր թեմաներ էին շոշափվում, բայց երբևէ որևէ մեկը չէր քննադատել համալսարանի քաղաքականացվածությունը: Կտպագրվե՞ր արդյոք նման հոդվածը ՀԵՀ-ի հովանավորությամբ տպագրվող թերթում:

Սակայն Քյալյանի գալուց հետո համալսարանը կտրուկ ապաքաղաքականացվեց: «Մեդիկուսը» շարունակեց տպագրվել, բայց համալսարանի միջոցներով (չնայած հետո պիտի փակվեր ինձ համար այդպես էլ անհասկանալի մնացած պատճառներով): Որևէ կուսակցություն այլևս մուտք չուներ բուհ (լիներ դա ՀՀԿ, ԲՀԿ, թե ՀՀՇ): Ուսանողական խորհրդարանի ֆինանսավորումը կտրուկ նվազեց. Քյալյանը որակյալ նախագծեր էր պահանջում, ու միայն իր հավանության դեպքում էր համալսարանական բյուջեից գումար տրամադրում: Բեմի վրա կապիկություններ անելն ու անիմաստ քեֆերը կտրուկ նվազեցին:

Ուսանողական խորհրդարանը կորցրեց նաև իր արտոնությունները: Մի ժամանակ պետական քննությունների հանձնաժողովներում էին լինում, քննական թեստեր կազմելուն էին մասնակցում, կարողանում համոզել, որպեսզի այս կամ այն ուսանողը դուրս չմնա:

Շարունակությունն՝ այստեղ