19:30 , 12 մարտ, 2015
Aravot.am-ը գրում է․
«Երբ 40 տարի առաջ հնարավորություն ունեցա ձայնագրելու իմ առաջին՝ «Բալլադ Ադելինի համար» ալբոմը, կարծում էի, որ կվաճառեմ մի քանի սկավառակ և փոքրիկ կարիերա կունենամ Ֆրանսիայում, բայց հետո այդ ստեղծագործությունը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում: Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց: Բախտը, պարզապես, ժպտացել է ինձ. չէ՞ որ աշխարհում այնքան շատ երաժիշտներ կան, որոնք հրաշալի են նվագում»,- ասում է ֆրանսիացի հայտնի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը: Անվանի դաշնակահարը Հայաստանում է:
Իր երկարատև ստեղծագործական գործունեության ընթացքում նա առաջին անգամ է այցելում մեր երկիր և մարտի 13-ին ու 14-ին՝ ժամը 19:30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում հանդես կգա երկու համերգով: Ռ. Կլայդերմանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հայ հանդիսատեսի համար կտորներ կնվագի այն ստեղծագործությունից, որով սկսել է իր երաժշտական գործունեությունը, ինչպես նաև վերջին ալբոմից, որն անվանել է «Ռոմանտիկա»:
Կհնչեն նաև ֆիլմերի համար գրված մեղեդիներ: «40 տարի շարունակ ամենատարբեր հանդիսատեսի առջև եմ ելույթ ունեցել, և ամեն անգամ հուզմունքը նորովի է արտահայտվում,- ասում է Ռ. Կլայդերմանը,- միշտ էլ շատ ազդեցիկ է գիտակցումը, որ տարբեր մարդկանց հուզում է քո երաժշտությունը: Դա ինչ-որ տեղ ստիպում է նաև, որ ամեն համերգի ձգտես ավելի ու ավելի լավ նվագել: Ես ամեն անգամ անկեղծ զարմանում եմ, որ հազարավոր մարդիկ են գալիս ինձ լսելու: Հայաստանում ինձ նոր հանդիսատես է սպասում, և ես հուսով եմ, որ կկարողանամ հուզել նաև նրան, իմ երաժշտությամբ հայ ունկնդրին փոխանցել զանազան հույզեր ու ապրումներ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ