15:42 , 12 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
«Դուք գիտեք, մեր ժողովրդի ⅔-ը ապրում է աշխարհի 100 երկրներում: Ավելի շատ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Եվ բնականաբար ավելի շատ հաջողակ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Հայերը միշտ հայտնի են եղել որպես լավ ձեռներեցներ, վաճառականներ և գործարարներ: Այնպես որ` կարելի է ասել, որ այդքան էլ մեծ տարբերություն չկա նրանում, թե հայերը ապրում են արտասահմանում, թե Հայաստանում: Ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, վերաբերում է գրեթե ամբողջ աշխարհին: Եթե ձեռներեցությունը ճգնաժամ է ապրում, պատճառը այն չէ, որ այն հայկական է»,- սլովենական «Delo» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե՝ «Մենք ապրում ենք ճգնաժամային շրջանում, որը վերաբերում է և՛ տնտեսությանը, և՛ քաղաքականությանը, ինչի մասին է վկայում, մասնավորապես` հետխորհրդային տարածաշրջանում ազգային դրամների արժեզրկումը: Հայաստանում ասում են, որ հայերը հարստանում են բոլոր վայրերում, բացի իրենց Հայրենիքից: Արդյո՞ք այս արտահայտությունը համապատասխանում է իրականությանը»,ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պատասխանելով հարցին, թե՝ «Ինչպե՞ս է ազգային դրամի արժեզրկումը անդրադառնում հայերի կենսամակարդակի վրա», նախարարն ասել է. «Իհարկե, ճգնաժամը ազդում է և Հայաստանի վրա, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել բացասական միտումները՝ որքան որ հնարավոր է»:
Ի պատասխան հարցի, թե՝ «Հաղորդվում է, որ արտահանման ծավալները Հայաստանից Ռուսաստան, որը հանդիսանում է ձեր հիմնական առևտրային գործընկերը, կրճատվել են նույն ճգնաժամի պատճառով: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու կողմնորոշվել դեպի այլ տարածաշրջաններ», Է. Նալբանդյանը նշել է. «Ռուսաստանը մեր առևտրային հիմնական գործընկերն է, հիմնական ներդրողը: Սակայն դրանով հանդերձ մենք զարգացնում ենք ակտիվ տնտեսական հարաբերություններ ԵՄ անդամ երկրների, այլ տարածաշրջանների և երկրների հետ: Ճգնաժամային իրավիճակների պատճառով կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել, շարժվել այն ուղղությամբ, որտեղ փչում է քամին, չեմ կարծում, թե ճիշտ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ