14:51 , 12 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ գրեթե բոլոր կետերով կա փոխադարձ ընկալում. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը՝ հաստատելով այն տեղեկատվությունը, որ ՀՀ նախագահը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ:
«Ավելին՝ մեր առաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են, ճանապարհային քարտեզը և ժամկետները դեռ քննարկման փուլում են»,- ասաց Մինասյանը՝ հիշեցնելով, որ հրապարակված է մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգը, և իրենք էլ հայեցակարգի վերաբերյալ հրապարակել են ՀՅԴ առաջարկություններն ու առարկությունները ։
Մինասյանն ընդգծեց՝ այն, որ սահմանադրական փոփոխությունների ահրաժեշտություն կա և այս հարցում լիակատար համաձայնություն է ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի միջև։ Ըստ նրա՝ տեսակետները մեծավմասամբ համընկնում են նաև քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման, դատական համակարգերի, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ ունենալու և այլ հարցերում:
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ Դաշնակցության առաջարկներին անդրադարձ կլինի, որովհետև առաջարկությունները հիմնավորված են. «Դրանից հետո էլ պարզ կլինի ժամկետների ու բուն տեքստի մշակման փուլերը»։
Մինասյանը նկատեց, որ հաճախ սահմանադրական փոփոխությունները ներկայացնում են որպես մեկ ամբողջություն, բայց առանց մանրամասների. «Կենտրոնական տեղում կառավարման համակարգի փոփոխությունն է, այն որ խորհրդարանի ընտրությունների հիմքը 100% համամասնական ընտրակարգն է, այստեղ առարկություն չկա, ժամկետների առումով կան քննարկումներ, որոնք դեռևս վերջնականացված չեն»,- նշեց նա: