13:40 , 12 մարտ, 2015
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի վերջնական դիրքորոշման մասին նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը ԶԼՄ-ին հայտնել է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ հայաստանյան քաղաքական ուժերի հետ և առաջիկայում սահմանադրական հայեցակարգի ակտիվ քննարկումների նոր շրջափուլ է սկսվելու:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ղեկավարության հետ` ի դեմս Գուրգեն Արսենյանի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր (հիշեցման կարգով նշենք, որ 2007-ից Արսենյանը, ԲՀԿ խմբակցության անդամ լինելով, ոչ մի անգամ հակաիշխանական գործողությամբ աչքի չի ընկել, ընդհակառակը` սիրաշահել է Բաղրամյան 26-ին):
Մինչ այդ նախագահը հանդիպումներ էր ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ովքեր քաղաքական դաշտում թերևս միակ ուժն էին, որ միանգամից դրական վերաբերմունք ցուցաբերեցին սահմանադրական փոփոխության գործընթացին:
Կարելի է արձանագրել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը լուրջ քննարկումների փուլ է մտնում, իսկ առաջիկայում սահմանադրության բուն նախագծի վերաբերյալ որոշակիություն կմտցվի: Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ուժերին, որոնք կմիավորվեն փոփոխությունների գաղափարի շուրջ: