13:20 , 12 մարտ, 2015
Նյու Յորքում մեծացած այս հինգ եղբայրներն ու իրենց քույրը երբեք փողոց դուրս չեն եկել։ Անգուլոների ընտանիքը մեծապես տարբերվում է սովորական ընտանիքներից իր ապրելակերպով։ Ընտանիքի մայր Սյուզանը հիպպիական շարժման ներկայացուցիչներից է, իսկ հայր Օսկարը՝ նախին երգիչ։ Նրանց առաջին երեք երեխաները ծնվել են Ուեսթ Վիրջինիայում, հետագայում նրանք տեղափոխվել են Նյու Յորք։ Հարբեցողությամբ ու պարանոյայով տառապող Օսկարը վստահ էր, որ Նյու Յորքը կփչացնի իր երեխաներին, որոնք արդեն յոթն էին։ Այդ իսկ պատճառով նա թույլ չէր տալիս նրանց տնից դուրս գալ։ Նա վերահսկում էր նաև կնոջ ամեն քայլը։ Երեխաներից ամենաավագն արդեն 23 տարեկան է, իսկ կրտսերը՝ 17։ Երեխաների հայրը շքամուտքի դռան բանալին իր մոտ էր պահում և ոչ ոքի թույլ չէր տալիս վերցնել այն։ Երեխաների կրթությամբ զբաղվում էր նրանց մայրը։ Աննորմալ հոր անհեթեթ արգելքի պատճառով նրանք զրկված էին դպրոց հաճախելու հնարավորությունից։ Երեխաներն արտաքին աշխարհի մասին պատկերացում էին կազմում իրենց դիտած ֆիլմերի միջոցով, սակայն, բնականաբար, այդ պատկերացումները չէին կարող փոխարինել սեփական կենսափորձով ձեռք բերված տպավորություններին։

Այն տարիներին, երբ տղաներն ու նրանց քույրը բանտարկված էին սեփական տան պատերում, նրանք 5000 կինոնկար դիտեցին, այդ թվում՝ Քվենտին Տարանտինոյի, Քրիստոֆեր Նոլանի և Մարտին Սկորսեզեի ստեղծագործությունները։ Եղբայրներն իրենց քույրիկի հետ միասին վերաբեմադրում էին իրենց դիտած կինոնկարներից շատերն ու մտովի տեղափոխվում երևակայական աշխարհներ։

Կինոնկարների ռիմեյքը երեխաների կողմից

Եղբայրներից մեկը, վերհիշելով ոչ այնքան վաղ անցյալը, ասել է.
Մռայլ ասպետը» դիտելուց հետո ինձ մոտ հավատ արթնացավ, որ հնարավոր է, որ ինչ-որ բան փոխվեր։ Պատճառն այն չէ, որ դա Բեթմենն էր, այլ այն, որ այս կինոնկարն ասես բոլորովին այլ աշխարհ լիներ։ Ես ներածին ուժերիս սահմանում ամեն բան արեցի, որպեսզի այդ աշխարհը կենդանացնեմ։ Ես դա անում էի իմ աշխարհից փախչելու համար։

2010 թ.-ին եղբայրներից մեկը կարողացավ մի կերխ խույս տալ տնից։ Այդ ժամանակ նա հանդիպեց տիկին Մոսելին, ով մասնագիտությամբ ռեժիսոր է։ Տիկին Մոսելեն իմացավ տղայի ու նրա ընտանիքի պատմությունը։ Նա այցելեց տղայի տուն ու աստիճանաբար մտերմացավ Սյուզանի հետ։ Խոսելով այս մեկուսացած ընտանիքի անդամների մասին՝ Մոսելեն ասել է.
Ես այնպիսի տպավորություն ունեի, ասես վաղուց կորած մի ցեղախումբ էի հայտնաբերել, միայն թե նրանք աշխարհի հեռավոր անկյուններում չէին ապրում։

Ընտանիքի վստահությունը շահելուց հետո Մոսելեն որոշեց վավերագրական կինոնկար նկարահանել նրանց մասին։ Մոտ մեկ ու կես ժամ տևողությամբ այս կինոնկարում ռեժիսորն անդրադառնում է ընտանիքի անդամների մեկուսի կյանքին։ Հասարակությունից կտրված այս մարդիկ իրենց ընտանիքից դուրս ոչ մի ծանոթ կամ ընկեր չունեին։ Տեսախցիկի առաջ խոսեցին ոչ միայն երեխաները, այլև նրանց հայրը, ով խոստովանեց, որ իր որոշմանը գնացել էր երեխաներին Նյու Յորքի «թունավոր» օդից պաշտպանելու համար, սակայն նման քայլով նա ինքն էր թունավորել իր երեխաների ու կնոջ կյանքը։ Երեխաների մեծ մասը տհաճությամբ էր խոսում հոր մասին ու մեղադրում էին նրան տարիներ շարունակ իրենց ազատությունը սահմանափակելու համար։ Տիկին Մոսելեի այցելություններից հետո տղաների, նրանց քրոջ ու մոր հետ աշխատել են հոգեբաններ, սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ում ջանքերի շնորհիվ երեխաների ուշացած սոցիալականացումն փոքր-ինչ ավելի հարթ է անցել։ Ներկայումս երեխաները փորձում են նոր էջից սկսել իրենց կյանքը։