Ամեն ժողովուրդ արժանի է ոչ միայն իր իշխանությանը, այլև` մտավորականին ու սերիալին


19:34 , 3 մարտ, 2012

Ամեն ժողովուրդ արժանի է իր մտավորականին ու սերիալին

Ուզում էի էս վաղուցվա ոչ շատ ծանր մտահոգությունս մասին «Դժվար ապրուստ»-ի հետ կապված մի թեմայում ասել, բայց կարծում եմ մի քիչ չորը շատ թացից պետք ա զատել։ 

Մի քիչ չորը Սերգեյ Դանիելյանն է։ Ու խոսքս պետք է ուղղեմ հենց իրեն։ 

Սերգեյ ջան, ախր իսկապես մտավորական ես, է։ Հոդվածներդ քեֆս բերում են։ Բայց ...Մամե խաղացիր, հերիք է, «Շանթ»-ի սերիալում էդ Ջեմիկի կերպարը ինչո՞ւ կապեցիր գլուխդ։ Ախր հեչ իրականությանը չի բռնում, ոչ էլ ինչ-որ բան է սովորեցնում, ոչ էլ զավեշտ ու հումոր կա։ (Իդիկ կըսեմ որպես լենինականցի։) Կզարմանամ, եթե դու էդ անհամության սցենարի հետ էլ կապ ունենաս։ 

Սերգեյ ջան, խնդրում եմ, թող էդ Ջեմիկի կերպարը, մի քիչ սոված մնա, բայց մի լուրջ ու մշակութային արժեք ներկայացնող գործ ստեղծիր քեզ համար։ Ախր գիտեմ, որ կարող ես, եթե նստես ու լուրջ մտածես։


Հիմա թացի մասին։ Սոցիոլոգիական մշակութաբանության կամ մշակութաբանական սոցիոլոգիայի մասնագետ չեմ, բայց տեսակետ ունեմ առ այն, թե ոնց են փող բերում էդ «Դժվար ապրուստներն» ու մնացած կիսաբանդիտական ու ջրիկ սերիալները։ Այդ տեսակետը կարող է նոր չլինել։ Պարզապես, ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՄՈՏ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՏԵՍՆԵԼ ՈՒ ԼՍԵԼ։ Եւ նման հնարավորություն տալիս են միայն սերիալները. մնացած հեռուստաեթերը նման հնարավորություն չի տալիս. լրատվականները ցույց են տալիս իշխանությունների պահանջած իրականությունը։ Իսկ սերիալները մեկ-մեկ մեր իրական կենցաղին, վարք ու բարքին, քուչին, կին-տղամարդ ու ախպերության հարաբերություններին մոտ ինչ-որ բան ցույց տալիս են։ Այդ պատճառով էլ սերիալները նայվում են ու գովազդային գումար բերում ստեղծողների դժվար ապրուստը հոգալու համար։ 


Կինոյի ու թատրոնի ոլորտի մտավորականների համար՝ նույնպես։

Այնպես որ, ամեն ժողովուրդ արժանի է ոչ միայն իր իշխանությանը, այլև մտավորականին ու սերիալին։