Է. Նալբանդյան. Բաքուն անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար


11:24 , 12 մարտ, 2015

Panorama.am-ը գրում է.

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ելույթ է ունեցել  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստին։ 

ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքը՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին.

«Մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ Մշտական խորհրդում։ Նախորդ անգամ ես այստեղ էի երկու տարի առաջ՝ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ։ Ես կսկսեմ իմ ելույթը մեր ազգային օրակարգի այսօրվա կարևորագույն հարցից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումից։

Դեռևս 1915թ. մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Սա «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթի՝ միջազգային մակարդակով կիրառման առաջին դեպքերից էր, որը հանգեցրեց նրա ձևակերպմանը որպես միջազգային իրավական համակարգի անքակտելի հասկացություն։

Հայոց ցեղասպանության ժամանակակիցների համար իրապես կարող էր հրաշք թվալ, որ հայ ժողովուրդը կարողանալու է գոյատևել և վերականգնել իր պետականությունը։ Իրոք խորհրդանշական է 100-րդ տարելիցին ելույթ ունենալ ձեր առջև՝ որպես այս կազմակերպության 57 մասնակից պետություններից մեկի արտաքին գործերի նախարար։

Հանդիսանալով ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների»։ 

Այս համատեքստում նշվել է ԵԱՀԿ կարողությունը՝ քայլեր ձեռնարկելու այս հարցի առնչությամբ, քանզի «հավատարմությունը նրա սկզբունքներին և հանձնառություններին կարող է մեծապես նպաստել ցեղասպանության կանխարգելման ջանքերին»։

Անդրադառնալով Հայաստանի Նախագահի կողմից իր թուրք գործընկերոջը ապրիլի 24-ին Երևանում ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը հրավիրելուն՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ես անձամբ փոխանցեցի հրավերը Նախագահ Էրդողանին Անկարայում։ Ցավալի է, որ մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի իշխանությունների համար»։

Խոսելով 2014թ. սեպտեմբերին ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի՝ Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դա ցավալի և, միաժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալի և ներկա հանցագործությունների միջև։

«Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինյալները ավերում Մոսուլի թանգարանի 2700-ամյա արձանները։ Քաղաքակրթության դեմ այս հանցագործությունը ահարկու հիշեցումն է նախկինում իրականացված նմանատիպ բարբարոսական գործողությունների, ինչպիսին էին՝ Բուդդայի Բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերը», - ասել է նախարար Նալբանդյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ