Գլենդեյլը 2015թ. ապրիլը Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս է հայտարարել


11:30 , 12 մարտ, 2015

ShowImage1in.am-ը գրում է.

Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ, հռչակագիր է ընդունել, որով ընթացիկ տարվա ապրիլը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս:

Ինչպես նշում է asbarez.com-ը, խորհուրդը նաև ընդունել է բանաձև, որը պահանջում է, որ Գլենդեյլի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացվի:

Նշվում է, որ Քաղաքային խորհրդին պատկանող բոլոր հաստատություններում Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է հավուր պատշաճի նշվի:

Ընդունված փաստաթղթում Գլենդեյլի իշխանությունները նաև կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին ջանք չխնայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին օգնելու Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու ու հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում:

Հայտնի է, որ ընդունված բանաձևի կրկնօրինակները փոխանցվելու են ԱՄՆ-ի նախագահին, փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: