19:46 , 11 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
ՀՀ Կենտրոնական բանկը այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու Եվրասիական տնտեսական միության շրջանակում որևէ բանակցություն չի վարել՝ միասնական արժույթի անցնելու հարցով:
Այս մասին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին Tert.am-ին:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի բանկին և կառավարությանը «որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային և ֆինանսական ոլորտներում ինտեգրման հետագա ուղղությունները՝ ուսումնասիրելով ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը»:
ԿԲ-ից մեզ նաև հայտնեցին, որ ՌԴ Նախագահի հանձնարարականը վերաբերում է միասնական արժույթի նպատակահարմարության ուսումնասիրմանը, իսկ ԵՏՄ անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում այս հարցի հետ կապված որևէ փաստաթուղթ գոյություն չունի: