Վաճառվում է» հայտարարությունները տնտեսական ակտիվության լավագույն չափորոշիչն են. Ա. Մարտիրոսյան


18:32 , 11 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Առանց պաշտոնական վիճակագրության էլ, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, ակնհայտ է, որ Հայաստանում տնտեսական վիճակը ծանր է, և դրա մասին կարելի է իմանալ ցանկացած բիզնես գործունեությամբ զբաղվողից՝ լինի  խոշոր, մանր, թե միջին։ 

«Ամենապարզ օրինակը բերեմ. սրանից մի քանի տարի առաջ Երևանում դուք շատ քիչ կտեսնեիք տարածքներ, որ տրվում էին վարձով, կամ վաճառվում էին, իսկ հիմա ցանկացած վայրում դրանք ուղղակի բազմաթիվ են՝ կենտրոնից սկսած, քաղաքի այլ շրջաններից վերջացրած այդ պատկերն է, և դա, կարծում եմ, տնտեսական ակտիվության լավագույն չափորոշիչ է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և չբացառեց այն կանխատեսումները, որ հնարավոր է՝ այս տարի լինի երկնիշ թվով տնտեսական անկում։

«Նման կանխատեսումը բավական մոտ է իրականությանը, որովհետև համեմատության մեջ են դնում 2009թ-ի տնտեսական ցուցանիշների հետ, իսկ հիմա ցուցանիշներն ավելի վատ են, քան 2009-ին, և դա էլ հուշում է, որ նման խնդիր կա Հայաստանում»,-ասաց նա։

Նշենք, որ անցած տարվա ընթացքում և տարեսկզբից, ըստ վիճակագրական տվյալների, տնտեսությունը պահող հիմնական ցուցանիշների անկում է գրանցվել։ Մասնավորապես, Կենտրոնական բանկի տվյալներով, 2015 թ.-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ Հայաստան եկող ընդհանուր տրանսֆերտները կրճատվել են 41․08 տոկոսով, ընդհանուր առմամբ տրանսֆերտները կրճատվել են շուրջ 60 տոկոսով։

Թե ինչքանով են իշխանություններն իրավիճակը համաչափ գնահատում, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ գիտակցելն այն կլիներ, եթե բովանդակային փոփոխություններ լինեին երկրում։

«Քանի որ հիվանդությունը խորացել է, պետք են վիրահատական միջամտություններ, նաև վերականգնողական փուլ, բայց գոնե կոլապսից փրկելու համար իրական քայլերի անհրաժեշտություն տեսնում եմ»,-ասաց նա և հավելեց, որ իրականում քայլեր արվում են, սակայն իրավիճակային, որոնք որևէ արդյունք չի տալիս։

Թե կոնկրետ ի՞նչ քայլ պետք է արվի, ըստ նրա, պետք է առաջնահերթ կառավարման համակարգը ազատականանա, մրցակցային դառնա, Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես իր շահերով պայմանավորի։

«Ամեն դեպքում ես չեմ տեսնում այն քայլերը, որ կատարվել են այս ժամանակահատվածում, որ փոքր-ինչ մեղմեն իրավիճակը, վստահություն չունի ո՛չ քաղաքացին, ո՛չ ներդրողը, ո՛չ էլ երկրում տնտեսությունն ազատականացվել է»,-ասաց նա։