Արմավիր քաղաքում աննախադեպ իրավիճակ է. քաղաքապետի միակ թեկնածուն գործող քաղաքապետն է


17:09 , 11 մարտ, 2015

rubenAraratnews.am-ը գրում է․

Արմավիր քաղաքում այսօր «Մեդիա կենտրոն»-ը Արմավիրի զարգացման կենտրոն ԿՀ-ի հետ համատեղ կազմակերպել էր մարզային քննարկում՝ «ՏԻՄ ընտրություններն Արմավիրի մարզում» թեմայով: Նշենք, որ  առաջիկայում տեղի է ունենալու Արմավիր քաղաքի քաղաքապետի ընտրություններ: Նախօրոք առաջադրված թեկնածուները վեցն էին, որոնց մեծ մասը ՀՀԿ-ական են, սակայն նրանցից հինգը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում: Այժմ միակ թեկնածուն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանն է:

ՀՀԿ Արմավիրի շրջանային խորհդրի նախագահ Փառանձեմ Կարապետյանը հայտնեց, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն որևէ թեկնածուով չի ներկայացել, որը շատ հանրապետականների հնարավորություն է տվել ինքնառաջադրվել:

Այնուամենայնիվ, Փառանձեմ Կարապետյանը կողմ է, որ ՏԻՄ ընտրություններին ներկայան մեկ թեկնածուով. «Յուրաքանչյուր կուսակցություն գոնե  ՏԻՄ ընտրություններին ներկայացված լինի մեկ թեկնածուով, որն ավելի դյուրին կդարձնի ներկուսակցական աշխատանքների ողջ ընթացքն այդ գործընթացում»:

Հարցին, թե  ինքնաբացարկ ներկայացնելու թեկնածուների որոշման հետ ՀՀԿ-ն կապ ունի՞, բանախոսն ասաց. «Կուսակցությունը որևէ որոշում չի կայացրել, և ինչպես իրենց առաջադրումն, այնպես էլ ինքնաբացարկ ներկայացնելը, եղել է իրենց սեփական որոշմամբ»:

ՀՅԴ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Մայիս Մխիթարյանը, խոսելով ՏԻՄ ընտրություններից և պարզաբանելով, թե ինչու ՀՅԴ-ն չի ներկայացել սեփական թեկնածուով, ասաց՝ մասնակցելու համար պետք է հաղթելու հնարավորություն ունենալ. «Այս փուլում մենք ՏԻՄ ընտրություններին թեկնածուներ չենք առաջադրել մի պարզ պատճառով՝ մենք մեր հնարավորություններն ու ռեսուրսներն ենք գնահատել ՝ հասկանալու համար հաղթելու հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ»:

«Ժառանգություն» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Մարգարյանը նկատեց, որ իրենց կուսակցությունը ևս նույն տրամաբնությամբ մասնակցում ՏԻՄ ընտևություններին:

Բանախոսներից Արմավիրի զարգացման կենտրոն ԿՀ-ի տնօրեն Նաիրա Առաքելյանը  հայտնեց, որ նման իրավիճակ դեռևս չէր եղել. «Քաղաքապետի ընտրություններին միշտ մասնակցել են տարբեր քաղաքական կուսակցություններից ուժեղ թեկնածուներ»:

«Ակտիվ պահանջ» նախաձեռնության ղեկավար Տիգրան Բալայանն էլ ներկայացրեց սոցհարցումների արդյունքներ, որոնք ցույց են տալիս՝ Արմավիր քաղաքակում բնակչության շրջանում առկա է ագրեսիա, մարդիկ հիասթափված են, և իրենց համար, ըստ հարցման արդյունքների, ելքը հեղափոխությունն է: