Մի կյանքի պատմություն


15:19 , 11 մարտ, 2015

Ամեն անգամ, երբ լսում էի այս հիվանդության մասին, մարմնովս սարսուռ էր անցնում: Ի՞նչ իմանայի գլխիս գալիքը…

2002 թվականն էր, ամուսինս մեկնեց Ուկրաինա աշխատելու: Երկու ամիս լուր չունեի: Հետո զանգեց, պատմեց, որ անձնագիրը ձեռքից վերցրել են, տարել ինչ-որ գյուղ, ու այդտեղ ինչ-որ մարդկանց հետ էր ապրում: Երբ վերադարձավ, շատ էր նիհարել: Այդ ժամանակ ամուսինս արյան անալիզ էր հանձնել, պարզվել էր, որ ինչ-որ վիրուս կար իր մոտ: Պարբերաբար հիվանդանոցից զանգում էին, ինչ-որ բաներ խոսում, բայց նա ինձ ոչինչ չէր պատմում: Մեկ տարի անց նրան ձերբակալեցին և դատապարտեցին 8 տարվա ազատազրկման: Ինձ համար շատ դժվար էր` արդեն երկու երեխա ունեի, մեծ ընտանիք, բազում դժվարություններ:

Վեց տարի անց նրան հետազոտել էին քրեակատարողական հիմնարկում, և հաստատվել էր, որ ՄԻԱՎ ունի: Այդ լուրը կյանքս քաոսի վերածեց: Ոչ գիշեր ունեի, ոչ ցերեկ: Ամբողջ օրը լաց էի լինում ու տանջվում: Վերջապես համարձակություն ունեցա և երեխաներիս հետ գնացի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն հետազոտվելու: Պարզվեց` ես էլ ՄԻԱՎ ունեմ: Բարեբախտաբար, երեխաներիս մոտ չհայտնաբերվեց: Տանջվում էի, շատ էի տանջվում: Այդ ապրումների պատճառով իմունիտետս շատ ընկավ:

Ամեն անգամ, երբ այցելում էի բժշկի, տեսնելով իմ հոգեվիճակը, նա ինձ ուղարկում էր հոգեբանի կամ նյարդաբանի մոտ, սակայն ոչ մի օգուտ: Ես փակվել էի ինքս իմ մեջ, շրջապատիս հետ դադարել էի շփվել, նույնիսկ սենյակիցս դուրս չէի գալիս: Ինձ թվում էր, որ, եթե իմանան իմ կարգավիճակի մասին, բոլորն ինձ կլքեն, ու ես մենակ կմնամ: Վախենում էի, որ շուտ կմահանամ և երեխաներիս չեմ կարող մեծացնել: Դա, բնականաբար, տեղեկատվության պակասի պատճառով էր:

Մի օր, հերթական այցի ժամանակ, բժիշկս ինձ մի սենյակ ուղեկցեց, երկու աղջկա հետ ծանոթացրեց: Նրանցից մեկն ասաց, թե որտեղ է աշխատում, սկզբում նույնիսկ չհասկացա, թե ինչ կազմակեպության մասին է խոսքը, ինչով են զբաղվում, բայց նրանց հետ զրույցից հետո ինձ շատ լավ զգացի: Այդ աղջիկը պատմեց իր կյանքի պատմությունը, կիսվեց իր փորձով, պարզվեց, որ ինքն էլ ՄԻԱՎ ունի: Նա ինձ հրավիրեց իրենց գրասենյակ: Ես գնացի: Սկզբում հուզվում էի, ընկճվում էի, չէի կարողանում արտահայտվել: Մի քանի այցելությունից հետո ամեն ինչ փոխվեց: Ես զգացի, որ մենակ չեմ, որ իմ նման շատերը կան: Շատ տեղեկատվություն ստացա հիվանդության մասին, ինձ շատ օգնեց հավասարը հավասարի հետ խորհրդատվությունը, այդ ընթացքում ընկերներ ձեռք բերեցի, քննարկեցի ինձ հուզող հարցեր, իրավիճակներ: Ամեն հանդիպումից հետո սկսեցի ինձ ավելի լավ զգալ:

Հիմա ապրում եմ իմ սովորական կյանքով: Աշխատում եմ, չեմ մտածում այդ ուղղությամբ: Հիմա չեմ վախենում հասարակությունից, այլ փորձում եմ ԱՌԱՋ նայել, ապրել իմ և երեխաներիս համար: Չէ՞ որ կյանքը քաղցր է ու հիասքանչ…