Տասնամյակներ են պետք, որպեսզի ազգը գիտակցի Ռուբեն Վարդանյանի գործի մասշտաբն ու կարևորությունը


14:20 , 11 մարտ, 2015

Ինձ համար Ցեղասպանության հարցը միշտ էլ ցավոտ թեմա է եղել։ Միևնույն ժամանակ մեծահարուստի կերպարի իմ սուբյեկտիվ ընկալումը բավականին կանխակալ է, քանի որ իմ հոգեբանության մեջ մեծահարուստի արքետիպն ագահ, շահամոլ ու էգոիստ մարդու կերպար է, ու շատ հազվագյուտ են այն մեցենատներն ու մեծ կապիտալ տնօրինող անհատները պատմության մեջ, որոնց նկատմամբ ես մեծ հարգանք ու պատկառանք եմ զգում։

Երեկվանից այդ բացառիկ կերպարների իմ ցուցակը համալրեց Ռուբեն Վարդանյանի անունը։ Չէ, ես էլի գլոբալ առումով լավ չեմ վերաբերվում «հարուստներին», բայց այսուհետ Վարդանյանին ես չեմ ասոցացնում այդ գաղջ ու տհաճ զանգվածի հետ, որովհետև Ռուբեն Վարդանյանն ինձ մոտ արդեն նույնացվում է ոչ թե քսակի ու դոլարի հետ, այլ ռուսերեն величие ասվածի հետ։

Սրանք բնավ դեֆերամբներ չեն առ Ռուբեն Վարդանյան, սա արժանի գնահատականն է, որը վերջնականապես ձևավորվեց ինձ մոտ, երբ ես ծանոթացա նրա «100 Լives» նախաձեռնությանը, որը հսկայական նշանակություն ունի ոչ այնքան նրա համար, որ դրան ներգրավվել է Ջորջ Քլունին, ոչ այնքան նրա համար, որ նպաստելու է մարդասիրությանը, ոչ այնքան նրա համար, որ նպաստելու է Ցեղասպանության ճանաչմանն ու արդարության վերականգմանը, ոչ այնքան նրա համար, որ բարձրացնում է մեր ազգային վարկանիշը, այլ նրա համար, որ այս նախաձեռնությունը պոտենցիալ ունի, հոգեբանության լեզվով ասած, ազգային ինքնագիտակցության ու աշխարհընկալման ռիֆրեյմինգ անելու։

Այլ կերպ ասած, շնորհիվ այս նախագծի ու դրա փիլիսոփայության՝ մեր ազգը հնարավորություն ունի վերանայելու ու վերաիմաստավորելու մեր աշխարհընկալումը, պատմությունն ու ազգային ինքագիտակցությունը պայմանավորող այլ առանցքային չափորոշիչներ։ Ինչու եմ ես Ցեղասպանության հարցը ցավագին ընդունում. մասնավորապես նրա համար, որ այժմ մենք ազգովի սխալ հետևություններ ենք անում մեր պատմության այդ էջից, կոնտրպրոդուկտիվ վեկտորով ենք շարժվում ու փոխանակ այն օգտագործենք որպես մեծագույն ուժ ու տոկունության անսպառ ռեսուրս, այն օգտագործում ենք որպես անսահման թուլության, անօգնականության ու խղճահարության ռեսուրս։

Ռուբեն Վարդանյանը հիանալի հասկանում է սա ու իր այս նախաձեռնությամբ ուզում է անել այնպես, որ մի գեղեցիկ օր հայերը, հիշելով Ցեղասպանության մասին, ոչ թե խղճան իրենց ու կույր ատելությամբ լցվեն և այդ կերպ շարունակեն կոտրված ողնաշարով ազգի գոյակերպը, այլ լցվեն վճռականությամբ՝ երբեք ցեղասպանության կրկնություն թույլ չտալու և աշխարհին բարությամբ հատուցելու, քանի որ բացի դաժանություններից, արյունից ու ցավից, 100 տարի առաջ մենք տեսանք մեր հանդեպ նաև բարության ու մարդասիրության աննախադեպ դրսևորումներ տարբեր պետությունների, ազգերի ու անհատների կողմից, և եթե ուզում եք՝ մենք մեծ պարտք ունենք, որը պետք է վերադարձնել։

Ու սրա համար ես շնորհակալ եմ Ռուբեն Վարդանյանին, որովհետև նրա նախաձեռնությամբ կյանքի կոչված այս նախագիծը չի ստիպում, որ մենք խղճանք մեզ, չի ստիպում, որ մենք անդադար ապրենք անցյալով, այլ որակական մի լրիվ նոր մակարդակի է տեղափոխում հարցը, որը միանգամայն այլ է, քան «սեմուշկա չռթող» ու անեկդոտներ պատմող մարդկանցով հագեցած երթերը դեպի Ծիծեռնակաբերդ ու թուրքական դրոշներ վառելը։ Վարդանյանն աշխատում է ապագայի վրա, ու նրա այս գործի իրական մասշտաբներն ու կարևորությունը հնարավոր կլինի գնահատել միայն տասնամյակներ անց, երբ անցյալի ու ներկայի մեր ընկալման մեջ ողբին ու մահին գան փոխարինելու գան հույսն ու անկոտրունությունը։