13:45 , 11 մարտ, 2015
Մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարվեց «100 lives» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում ամեն տարի ընտրելու են մարդասիրական գործունեությամբ առավել աչքի ընկած նվիրյալներին և պարգևատրելու են «Ավրորա» մրցանակով, որը համարժեք է 1 միլիոն դոլարի։
Մարդասիրական այս մրցանակը շնորհվելու է այնպիսի մարդկանց, ովքեր իրենց նվիրել են այլ մարդկանց կյանքերը փրկելուն, ցեղասպանություններ կանխարգելելուն ու ցեղասպանությունների զոհերին օգնելուն, սակայն «Ավրորա» մրցանակի առանձնաահատկությունը նրանում է, որ դրամական մրցանակը չի մնալու պարգևատրվող մարդկանց, այլ փոխանցվելու է այն կազմակերպություններին ու հիմնադրամներին, որոնք իրենց գործունեությամբ առավել են ոգեշնչել մրցանակակիրներին ու մոտիվացրել նրանց մարդկանց օգնելու ու ցեղասպանությունների դեմ պայքարելու հարցում։
«Ավրորա» մրցանակն իր անվանումը ստացել է ի պատիվ Ցեղասպանությունն ապրած Արշալույս Մարտիկյանի, ով փրկվել էր ռուսական զորքերի շնորհիվ ու, հետագայում տեղափոխվելով Ամերիկա, փոխել էր անունը Ավրորա Մարդիգանյանի։ ԱՄՆ-ում նա նկարահանվել էր «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, որտեղ խաղացել էր ինքն իրեն, և այդ ֆիլմը հսկայական ռեզոնանս էր ունեցել Ամերիկայում և մեծապես նպաստել էր, որպեսզի ամերիկյան հասարակությունում Ցեղասպանության հիմնախնդիրը ճանաչում ձեռք բերի, ու օգնություն ցուցաբերվի Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերին։
Ինչպես պատմել է «100 Lives» նախագծի համահովանավոր, անվանի հայ գործարար և ներդրող Ռուբեն Վարդանյանը, ծրագրի նպատակն անցյալի, ներկայի ու ապագայի ներդաշնակ համատեղումն ապահովելն է։ Վարդանյանը կարծում է, որ անցյալն ու դրա գլխավոր դասը կայանում է ոչ թե նրանում, որ Ցեղասպանություն է եղել, ու հայերի նկատմամբ անմարդկային դաժանություն է դրսևորվել, այլ այն, որ մենք, այնուամենայնիվ, հաղթել ենք, որովհետև Ցեղասպանության կազմակերպիչներն, այնուամենայնիվ, չեն հասել իրենց գլխավոր նպատակին՝ վերացնել հայ ժողովրդին։ Ու հենց այդ փաստը, որ մենք մնացել ենք, շարունակել ու շարունակում ենք մեր գոյությունը՝ ի հեճուկս Ցեղասպանության, պետք է լինի անցյալի գլխավոր դասն ու ընկալման կետը։
Ներկայի դասն ու խնդիրն, ըստ Վարդանյանի, կայանում է նրանում, որ մենք ոչ միայն մնացել ենք, այլ աճել ենք, ու ժամանակակից աշխարհում բազմաթիվ են հայերը, ովքեր հաջողությունների ու բարձունքների են հասել տարբեր ոլորտներում, իսկ հայ ժողովուրդն իր անուրանալի ավանդն ունի ժամանակակից աշխարհի բազմաթիվ դրական ձեռքբերումներում։ Սակայն ներկայի խորհուրդը ոչ թե այդ փաստի արձանագրումն է զուտ, այլ այն, որ հայերն ուզում են իրենց լավությունն անել այս աշխարհին, ի պատասխան այն բարության, որը մեր ազգը տեսավ աշխարհից 100 տարի առաջ, երբ հազարավոր հայերի օգնելու համար ոտքի ելան աշխարհի տարբեր ազգեր և երկրներ։ 100 տարի անց արդեն մեր ազգն է այն վիճակում, որ կարող է և ուզում է ինքն օգնել նրանց, ովքեր այդ օգնության կարիքն ունեն։
Վերջապես, նախագծի երրորդ կոմպոնենտը՝ ապագան, ունի հստակ ու հեռանկարային խորհուրդ՝ ըստ Վարդանյանի։ Շատ կարևոր է հիշել ու հիշեցնել անցյալի ողբերգությունը, շատ կարևոր է, որ տարբեր երկրներ ու հատկապես Թուրքիան ճանաչեն եղելությունը, բայց առավել կարևոր է, որ մենք՝ հայերս, չապրենք միայն անցյալով ու անցյալում եղած դաժանություններով, այլ, քաղելով անցյալի ու ներկայի տված դասերը, նպաստենք այնպիսի ապագայի կերտմանը, որտեղ ցեղասպանությունները կբացառվեն, ու մարդիկ ավելի բարյացակամ կլինեն միմյանց հանդեպ՝ անկախ ազգային պատկանելությունից։
Ռուբեն Վարդանյանի ու այս նախաձեռնության կյանքի կոչմանը գործուն մասնակցած բոլոր այլ մարդկանց գործն անհնար է գերագնահատել, քանի որ սա զուտ ինչ-որ մարդասիրական նախագիծ չէ, սա աշխարհն ավելի լավը դարձնելու հերթական գործուն քայլը չէ լոկ, սա փորձ է՝ վերափոխելու ու վերաիմաստավորելու հայ ազգի ինքնագիտակցությունը և իրար հետ կամրջելու աշխարհասփյուռ հայության բոլոր օջախները, որպեսզի դեպի ապագա մենք գնանք ուղիղ մեջքով, միասնաբար ու բարձր գլխով։ Սա նոր սկիզբ է հայերիս համար, ու այդ սկիզբը դրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցով։
Մնում է հավելել, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունն առաջին անգամ կանցկացվի 2016 թվականին Երևանում։ 2016 թվականից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ կժամանեն Երևան, որպեսզի մասնակցեն «Ավրորային» ու տարածեն դրա առաքելությունն ու խորհուրդը։