Պերմյակովն ու Ավետիսյանների իրավահաջորդները կարող են հանդիպել


12:30 , 11 մարտ, 2015

FotorCreatedk11in.am-ը գրում է․

«Տարբեր գործողությունների հետևանքով Պերմյակով – Ավետիսյանների իրավահաջորդներ հանդիպման հնարավորությունն առկա է, որ փուլում և ինչպես՝ սա արդեն ապագայի հարց է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Ավետիսյանների գործով իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Նա ասաց, որ ցանկացած դեպքում Պերմյակովը կանգնելու է դատարանի առջև, և Ավետիսյանների հարազատները նրա հետ շփվելու հնարավորություն ունենալու են:

Լուսինե Սահակյանը նաև նկատեց, որ ծանոթանալով գործում առկա փաստաթղթերին այն ծավալով, որը իրենց տրամադրվել է, ներկայացրել են նաև միջնորդություն՝ ներկա գտնվելու նշանակված բազմաթիվ փորձաքննություններին ՝ դատաբժշկական, դատաձգբանական, դատագենետիկական, դատաբջջաբանական և այլն: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում նշանակվել են ավելի քան 4 տասնյակի հասնող փորձաքննություններ։ «Փորձաքննություններին, մանարմասներին ծանոթանալուց հետո կհասկանանք, թե դրանք ինչպես են կատարվում, և դրանցից հետո միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտություն կա՞»,- ասաց նա։

Նշենք նաև, որ հենց երեկ Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդները ու նրանց ներկայացուցիչները ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննությանը։ Փորձաքննությանը մասնակցլու միջնորդություն ներկայացրել է տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները, որը նախաքննական մարմնի կողմից բավարարվել է: Փորձաքննությունների ժամանակ իրավահաջորդները հնարավորություն են ունեցել հարցեր տալ փորձագետներին, քննիչներին եւ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք վերաբերել են նշանակված փորձաքննություններին:

Լուսինե Սահակյանը, մեզ հետ զրույցում նաև ասաց, որ իրենց հասու փաստաթղթերում չունեն բոլորին հետաքրքրող հարցի պատասխանը, որը վերաբերում է պատճառհետևանքային կապին՝ ինչու կատարվեց սպանությունը, մոտիվները որոնք էին:

Գնահատելով իրավապահ համակարգի գործողությունները՝ Լուսինե Սահակյանը նախ ասաց, որ գործը նախաքննության փուլում է, և լիարժեք գնահատական տալ հնարավոր չէ, ընթացքը ցույց կտա, բայց առաջին ժամերի, մեղմ ասած, սխալի պատճառով ապահովել ամբողջովին օբյեկտիվ քննություն հնարավոր չէ։ «Իրավապահների անգործության հետևանքով, երբ Պերմյակովը հայտնվեց ռուսական կողմի մոտ, այնուհետև ռազմաբազայում և ոչ թե հայկական կողմի ձեռքերում, մեր կարծիքով՝ այլևս լիարժեք արդյունավետ քննություն ապահովել հնարավոր չէ»,- ասաց նա: