11:35 , 11 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի տնտեսության վիճակը Հայաստանի վրա ազդել է մի քանի ուղղություններով, և երբ այն կվերականգնվի, կունենանք ավելի կայուն և բարգավաճող շուկա, ինչը հնարավորություն կտա, որ Հայաստանի արտահանման հնարավորություններն ավելի մեծ չափով կօգտագործվեն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ ի պատասխան հարցի, թե Ռուսաստան-Արևմուտք և հակառակ պատժամիջոցներն անուղղակիորեն, բայց ազդե՞լ են Հայաստանի տնտեսության վրա:
Նախարարն անդրադարձավ նաև այդ ուղղություններին, որոնցով Ռուսաստանի տնտեսության վիճակը ազդում է Հայաստանի տնտեսության վրա. «Բնականաբար ազդում է եկող տրանսֆերտների քանակով, բնականաբար ազդում է արտահանման սահմանափակմամբ: Բնականաբար, համաշխարհային տնտեսական զարգացումների կոնտեքստում՝ նավթի համաշխարհային գներով արտահայտված գործընթացը իջեցնում է ընդհանուր ապրանքային արտահանման գները, մասնավորապես, եթե նայենք` պղնձի գները և այլն: Եվ այդ ամենը Հայաստանի տնտեսության վրա, բնականաբար, ազդում է»։
Վաչե Գաբրիելյանը հավելեց, որ Ռուսաստանի տնտեսության հետ կապվածությունը, օրինակ, իր ազդեցությունն է ունենում նաև վարկանիշների վրա:
«Որովհետև, եթե նայում ենք, օրինակ՝ Ֆիտչի կողմից Հայաստանի վարկանիշի վերջին գործողություններին, ապա որպես հիմնական գործոն նշվում են տարածաշրջանային ազդեցությունները: Չե՛ն կարող կարող չազդել, բայց միևնույն ժամանակ դրանք ստեղծում են հնարավորություններ: Եվ պետք է դրանից օգտվել, որովհետև շուկան որոշ ապրանքների համար բացվում է, որոշ ապրանքների համար՝ փակվում: Պետք է հասկանալ մեր տեղը մրցունակության մեջ և առաջ շարժվել: Խնդիրն այն է, որ մենք գտնվում ենք հիմա շատ յուրօրինակ պահի»,-ասաց Վաչե Գաբրիելյանը՝ նկատի ունենալով 2014-ի վերջին 2-3 ամիսների դոլարի շեշտակի արժևորումը։
«Նավթի գների էական նվազումից անմիջապես կորելացիոն կախվածության մեջ են մեր երկրի տրանսֆերտները, և դրա հետ միասին մենք մտանք ԵԱՏՄ, և արդեն շատերն ասում են` «ԵԱՏՄ-ն որևէ արդյունք չտվեց» և այլն: Ուզում եմ ասել, որ այնպես չէր, որ մենք մտանք լավագույն պահին: Բայց աշխարհում չկա որևէ մեկը, որ կարող է դա կանխատեսել և աշխարհում չկա մեկը, որ կարող է ասել, դա ինչքան կտևի»,-հավելեց նախարարը:
Նա լիահույս է, որ Ռուսաստանի տնտեսությունը կվերականգնվի որոշ ժամանակ անց և Հայաստանը կունենա ավելի կայուն և բարգավաճող շուկա, ինչը կստիպի, որ Հայաստանի արտահանման հնարավորությունները ավելի լավ օգտագործվեն: