«Առավոտ». Եթե ես ցանկանամ գնալ Գյումրի, ես պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությո՞ւնը


09:13 , 11 մարտ, 2015

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը իր «100-ամյակն՝ առանց ռեժիմի» ակցիան ցանկանում էր անցկացնել Գյումրիում:

Բայց հանկարծ պարզվում է, որ Գյումրիի մատույցներում և բուն քաղաքում կան ինչ-որ «գողականներ», «քրեականներ» և «թաղային հեղինակություններ», որոնք թույլ չեն տալիս քաղաքացիների այդ խմբի մուտքը Գյումրի: Հերիք չի՝ թույլ չեն տալիս, դեռ հարձակվում են լրագրողների վրա և արգելում են իրենց նկարահանել:

Բայց դա դեռ քիչ է: Ոստիկանությունը հայտարարում է, որ չի կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը այդ խուժանի սադրանքների դեպքում: Ինչպե՞ս հասկանալ իրավապահների այս «բացատրությունը»: Իսկ ո՞ւմ անվտանգությունն է այդ դեպքերում պատրաստվում ապահովել ոստիկանությունը՝ գուցե «գողականների՞»: Իսկ եթե ես ցանկանամ գնալ Գյումրի կամ Հայաստանի որևէ այլ քաղաք, իմ անվտանգությունը երաշխավորվա՞ծ է, թե՞ ես պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությունը»,–գրում է թերթի խմբագիրը։