Երեք ամսվա ճանապարհը Մովսեսը երկարաձգեց 40 տարվան


19:07 , 10 մարտ, 2015

Հաշվարկվել է, որ մի քանի հարյուր հազար մարդ՝ տնային կահ-կարասիով, մանուկով ու ծերունիով Եգիպտոսից Իսրայել տեղափոխելը կտևեր ընդամենը 3 ամիս, սակայն Մովսեսը 40 տարի անապատում ման ածեց հրեաներին, որպեսզի ավետյաց երկիր մտնեին միայն նրանք, ովքեր Եգիպտոսից դուրս գալու պահին ցածր էին 20 տարեկանից. այսինքն՝ ստրկամտությունը նրանց մեջ դեռևս չէր արմատավորվել: Անապատը, թեև սննդի ու հեղուկի առումով դրախտավայր չէ, սակայն այն միաժամանակ կոփում էր մարդկանց ոգին՝ այդպիսով հին և միաժամանակ նոր ձեռքբերվելիք հայրենիք թույլատրելով մտնել նրանց, ովքեր «արժանի» էին դրան: Մենք չունենք այդպիսի հնարավորություն՝ շարունակելու ենք ապրել ԳԱՂՋության մթնոլորտում և փորձելու ենք ձևավորել նոր մտածողություն՝ զերծ ստրկամտությունից, քցոցից, ապօրինությունից և բազմաթիվ այլ՝ այսօրվա հայաստանցուն բնորոշ արատներից: Դա պահանջում է ոչ միայն հսկայական աշխատանք, այլև բառիս բուն իմաստով զոհաբերություն իշխանության կողմից, ինչը մինչև այսօր նույնիսկ չի էլ գիտակցվել նրանց կողմից: Կունենա իշխանությունը այդ գիտակցությունը՝ անելու ինքը կամ տրամադրելով հնարավորություն դա կատարելու ուրիշներին, շատ լավ, չի ունենա՝ կշարունակենք մնալ չորրորդական կարգի երկիր՝ անընդհատ զրկվելով սեփական ազգաբնակչությունից, իսկ սեփական հայրենիքում մի կերպ քարշ տալով մեր գոյությունը: