16:28 , 10 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավորներից նոր խորհրդարանական խումբ ստեղծելը դեռևս կասկածի տակ է օբյեկտիվ պատճառներով։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որն ամրագրում է, որ միայն կուսակցության համամասնական ցուցակի առաջին երրորդ դեմքերը կարող են խմբակցությունը լքելուց հետո համարվել անկախ պատգամավոր, իսկ համամասնական ցուցակի երրորդից բարձր հորիզոնականներն զբաղեցնողները, եթե անգամ իրավաբանորեն դադարեցնում են իրենց գործունեությունը խմբակցությունում, ֆորմալ համարվում են խմբակցության անդամ: Նրանք անկախ կարող են համարվել միայն այն դեպքում, եթե ընտրվել են մեծամասնական ընտրակարգով:
Սրա լավագույն օրինակը երբեմնի «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքի համամասնական ցուցակի օրինակն է: Մասնավորապես՝ քանի որ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը միասնական համամասնական ցուցակի 2-րդ տեղում էր, նա խմբակցությունում իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո համարվեց անկախ պատգամավոր, իսկ նրա հետ նույն հայտարությունն արած Ալեքսանդր Արզումանյանը դե յուրե «Ժառանգություն» խմբակցության անդամ է: Եվ առ այսօր Ազգային ժողովի պաշտոնական կայքում խմբակցությունների բաժնում Ալեքսանդր Արզումանյանի անունը ներառված է որպես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր՝ ի տարբերություն Քոքոբելյանի:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am–ի հետ զրույցում մանրամասնեց.«ԱԺ կանոնակարգ» օրենքով և ՍԴ որոշմամբ նման խումբ ստեղծելու իրավունք ունեն միայն անկախ պատգամավորները, որովհետև Սահմանդրական դատարանի որոշմամբ` կուսակցության համամասնական ցուցակը լքողները պետք է մանդատը վայր դնեն, եթե խմբակցությունից դուրս են գալիս»:
Հիշեցնենք, որ մամուլում վերջին շրջանում անընդհատ գրվում է ԲՀԿ-ն լքած պատգամավորների խորհրդարանական խումբ ստեղծելու մասին, և այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ «թերևս մինչև հաջորդ քառօրյա գլուխ կբերվի ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորների խմբի ստեղծումը»:
Հիշեցնենք, որ վերջին իրադարձությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»խմբակցությունից դուրս է եկել ավելի քան մեկ տասնյակ պատգամավոր, սակայն նրանք բոլորն զբաղեցնում են երրորդից բարձր հորիզոնականներ, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն այդքան շատ չեն, որպեսզի համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջի` առնվազն 10 հոգանոց պատգամավորական խումբ կազմեն: ԲՀԿ համամասնական ցուցակում են՝ ԲՀԿ-ն լքած Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Ռուստամ Գասպարյանը,Հրանտ Դավթյանը և այլք, իսկ օրինակ` Մարտուն Գրիգորյանը, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, Գրիգորի Մարգարյանը մեծամասնական ընտրակարգով են ներկայացված խորհրդարանում:
Հետևաբար, նման ցենզից հետո խումբը չի կազմվում: Վահրամ Բաղդասարյանն էլ կասկածի տակ առավ խմբի կազմման հնարավորությունը` ասելով.«Եթե ապահովվի համապատասխան թիվը, չեմ բացառում, բայց տեսականորեն դեռ հնարավոր չեմ համարում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ դեմ է որևէ խմբի ինքնանպատակ ստեղծմանը և ավելացրեց , որ ՍԴ որոշումը պայմանավորված էր պառլամենտական ոչ այնքան ճիշտ պրակտիկայով:
«Որովհետև նախկինում ցուցակով գալիս էին, մեկ ամիս հետո դուրս էին գալիս խմբակցությունից, ես դա ճիշտ չեմ համարում, մարդիկ ցուցակով եկել են, վերջիվերջո՝ այդ ձայները մարդիկ իրենց չեն տվել, իրենց քաղաքական ուժին են տվել: Եվ դրանից հետո անախ պատգամավոր դառնալը չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկլավարը:
Tert.am –ը փորձեց խնդրո առնչությամբ մտադրությունների մասին զրուցել նաև նախկին ԲՀԿ-ականների հետ, սակայն վերջիններիս հսկա ցուցակից միայն Արագած Ախոյանը պատասխանեց հեռախոսանգին:
Վերջինս ասաց, որ խմբի ստեղծման մասին ինքն էլ լսում է լրատվամիջոցներից:
«Անընդհատ այդ հարցադրումները կան, բայց ես անտեղյակ եմ, որևիցե նախաձեռնություն, առաջարկ առայժմ, իմ կարծիքով, չկա»,-ասաց նա: