Նեմցովի սպանության գործում պատվիրատու չկա. իրավապահ աղբյուր


09:56 , 10 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում պատվիրատուներ չեն եղել: Սպանությունը պլանավորել և իրագործել են «Հյուսիս» հատուկ գումարտակի երկու նախկին մարտիկներ Զաուր Դադաևն ու Բիսլան Շավանովը:

Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, նման եզրահանգման են եկել քննիչները:

«Ուսումնասիրելով գործում առկա փաստերը, վկաների ցուցմունքները, ինչպես նաև հիմնական մեղադրյալի ցուցմունքը՝ կարելի է միանշանակ եզրակացնել, որ Նեմցովի սպանությունը Դադաևի և Շավանովի անձնական նախաձեռնությունն է եղել: Նրանք այլ պատվիրատուներ չեն ունեցել»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքով՝ պաշտոնապես շրջանառվում է նաև այն վարկածի հավանականությունը, որ հատուկ գումարտակի նախկին զինյալներն ինչ-որ մեկի խնդրանքով են դա արել, սակայն որևէ օբյեկտիվ հաստատում չկա:

Հիշեցնենք, որ Զաուր Դադաևը ձերբակալվել է Ինգուշեթիայի տարածքում՝ մարտի 6-ին: Դատարանն արդեն նրան կալանավորելու որոշում է կայացրել: Բիսլան Շավանովը սպանվել է Չեչնիայում՝ ձերբակալության ընթացքում։

Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում։