04:52 , 10 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
Իրանը և ԱՄՆ-ը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մարտի 15-ին կվերսկսվեն շվեյցարական Լոզան քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 9- ին հաղորդել է IRNA գործակալությունը:
Երկրների պատվիրակությունները գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Բանակցությունները կշարունակվեն իրանական միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ վերջնական համապարփակ համաձայնագրի ձեռքբերման շուրջ Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) բանակցային գործընթացի շրջանակներում:
Հերթական երկկողմ հանդիպումն ուղղված կլինի մնացած տարաձայնությունների հաղթահարմանը:
Ըստ ISNA գործակալության հաղորդման՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի պատվիրակությունները Թեհրանում բանակցություններ են սկսել տեխնիկական հարցերի շուրջ: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը գլխավորում է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Տերո Տապիո Վարիորանտան: Գլխավոր քարտուղարի տեղակալը և գործակալության չորս տեսուչներ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) և Իսլամական Հանրապետության ՆԳ նախարարության ղեկավարության հետ համատեղ քննարկում են մի շարք տեխնիկական հարցեր, որոնք ՄԱԳԱՏԷ-ի մոտ կասկածներ են հարուցում իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: