Ծուղակով որսորդությունը որսորդին հնարավորություն է տալիս վայելել բանականության հաղթանակն ընդդեմ բնազդների


04:19 , 10 մարտ, 2015

Հրացանով որսն այդպես էլ չսիրեցի։ Դարանակալած կրակել չեմ սիրում։ Փոխարենը շատ եմ սիրում ծուղակով որսորդությունը։ Ծուղակով որսորդության ընթացքում զոհի մասնակցությունը որսորդից շատ է։ Դա որսորդին հնարավորություն է տալիս վայելել բանականության հաղթանակն ընդդեմ բնազդների։

1. Որսորդը սկզբում հայտնաբերում է կենդանու անցուդարձի արահետը։ Կենդանիները՝ ի տարբերություն մարդկանց, տեղաշարժվում են որոշակի ուղեգծով։ Սա հեշտ է իրականացնել ձմռանը, ձյան վրա հետքերի միջոցով։

2. Երկաթյա ճոպանով (трос) սարքում է օղակ (петля) և ամրացնում է կենդանու անցուդարձի ճանապարհին։

Հետաքրքրասեր կենդանին իր արահետին նոր առարկա տեսնելով՝ սկսում է ուսումնասիրել և այդ նպատակով գլուխը մտցնում է օղակի մեջ։ Բավական է նույնիսկ ամենաթույլ շարժում, և օղակը սկսում է նեղանալ։ Կենդանին սկսում է կտրուկ շարժումներ անել փորձելով ազատվել օղակից, սակայն դա գնալով ավելի է բարդացնում ազատվելը և ի վերջո նա որոշակի դիրքով ֆիքսվում է, մինչև հայտնվում է որսորդը։

Եթե կենդանին բանականություն ունենար, նա կհասկանար իր շարժվելու և օղակի սեղմվելու պատճառահետևանքային կապը և կդադարեր շարժվել ու զգույշ գլուխը կհաներ օղակից։
Հետաքրքիր է, որ առանց բացառության բոլոր կենդանիներն օղակը տեսնելով՝ նույն վարքն են դրսևորում՝ գլուխները մտցնում են օղակի մեջ, այսինքն որսորդի համար կանխատեսելի է կենդանիների պահվածքը։

15 տարի առաջ բանակային տարիներին այս մեթոդով Հայ–թուրքական սահմանին (Մարգարա գյուղի մոտ) որսում էինք շնագայլերին։ 15 տարի անց շնագայլերի ծուղակով որսի նկատմամբ իմ հետաքրքրությունը դեռ նույնն է։