23:03 , 9 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 4-ի իր համարում հայտնել էր, որ փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան համայնքում երեկոյան երկու հոգի նռնակով ու դանակով մտել էին գյուղի բնակիչ Վարդուհի Չիչյանի տուն և գումար պահանջել: Հանցագործներին «դիմավորող» Վարդուհին տանը եղած 1 միլիոն 200 հազար դրամն իր ձեռքով տվել է դիմակավորված անձանց: Այսօր արդեն տիկին Վարդուհու որդիներից մեկն է կասկածվում կատարվածում: Armlur.am-ի հետ զրույցում տուժած կինը վստահեցրեց, որ չի հավատում առաջ քաշված վարկածին: Որդին, նրա խոսքով, նման բան անել չէր կարող: «Չորս երեխաներիցս ամենանվիրվածն ու հոգատարը նա է: Ո´չ խաղամոլ է, ո´չ պարտքեր ունի, որ ասեմ` դրա պատճառով նման բան կաներ: Ես երբեք նրանից գումար չեմ պահել, միշտ տվել եմ: Բացառվում է, որ որդիս կարող էր նման բան անել: Ոչ մի տղա իր` ինֆարկտ տարած մոր նկատմամբ նման բան չէր անի»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջինիս խոսքով` իրենց ձեռք բերածը միայն արդար քրտինքով է եղել, ինչը քաջ գիտակցում է նաև որդին: «Ես գիտեմ, որ հիմա ուրիշ կասկածյալ էլ կա: Շատ հնարավոր է, որ որդուս անունը շոշափում են, որպեսզի փակեն կամ ուրիշ ուղղությամբ տանեն գործը: Հիմա քննությունը շարունակվում է, տեսնենք` ինչ կպարզվի, ըստ այդմ էլ հետևություններ կանենք: Որդիս ու ես նույն շենքում ենք ապրում, ուղղակի ես մի հարկ վերև եմ իրենցից բնակվում: Ամբողջ ցերեկը տղայիս տանն եմ լինում, իսկ երեկոյան իմ տուն եմ բարձրանում»,- վրդովված ասաց Վարդուհի Չիչյանը` հավելելով, որ կատարվածի պատճառով հոգեկան մեծ ապրումների մեջ է ընկել, իսկ որդու անունը շրջանառվելուց հետո իրենց տանն ավելի անհանգիստ վիճակ է սկսել տիրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ