17:37 , 9 մարտ, 2015
Քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ վերադասավորումների առիթ հանդիսացան, իհարկե որոշակի վերապահումներով: Կատարված գործողություններն ուղղակի ազդեցին քաղաքական ուժերի և անձանց վերադասավորման անհրաժեշտության գործի վրա:
ԲՀԿ-ի` քաղաքական լայնամաշստաբ գործողություններից հեռանալը և ակտիվ քաղաքական գործընթացներում եղանակ ստեղծող ուժից սովորական` «առօրեական» կուսակցություն դառնալը հայաստանյան զգայուն քաղաքական համակարգում ցնցումներ առաջացրեց, ոմանք չնայած դեպքերի նման զարգացում կանխատեսում էին: Սակայն առավել հատկանշական է ԲՀԿ-ի շուրջ զարգացող հետցնցումային փուլը, որն իր ինտրիգայնությամբ բնավ չի զիջում բուն պրոցեսին:
Նախ այն փաստը, որ ԲՀԿ-ում «ներդրված» գործարար-պատգամավորները մինչ այս առնետավազքի մեկնարկը կուսակցություն էին անդամակցել իրենց բիզնես կարողություններն ապահովագրելու, այպես ասած, «կրիշ» ունենալու համար` միանշանակ ունենալով` «դաբրո», ակնհայտ է (ԲՀԿ-ի գաղափարական հիմքը չէր, որ միավորել էր նրանց, և նրանք այդ սկզբունքով էլ «Բարգավաճի» համար ջանասիրաբար ձայն էին ապահովում): Գործարարների կողմից այս փուլում ԲՀԿ-ից հեռանալն ինչ-որ տեղ նաև արդարացված է, քանզի նրանք չեն կարող «վա բանկ» գնալ` հանդես գալով արմատական-ընդդիմության տեսքով. ՀՀ օրենսդիր մարմնում նրանց ներկայությունը, ըստ ամենայնի, կավարտվի երկու տարուց:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ում առկա մյուս կարևոր հիմնահարցին, դա կուսակցության ներսում տեղի ունեցող լուրջ կառուցվածքային վերադասավորումներն են, նոր դերաբաշխումները, ինչպես նաև ֆինանսական հոսքերի ապահովման անհրաժեշտությունը, այս ամենից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ը նորընծա նախագահը նախանձելի իրավիճակում չի հայտնվել` ժառանգություն ստանալով շիլաշփոթ մի կուսակցություն` լի խնդիրներով և ներքին տարաձայնություններով: Կարելի է հստակ ֆիքսել, որ ԲՀԿ-ի տարածքային կառույցները, որպես այդպիսիք, այլևս գոյություն չունեն, ասել է, թե` կա մի կուսակցություն, որն ունի միայն Երևանում գործող խորհուրդ և ԱԺ խմբակցություն (խմբակցությունում առկա է անվստահության մթնոլորտ), կուսակցության մարզային մասն ուղղակի գույություն չունի` իրենց պատասխանատուներով հանդերձ:
Ստեղծված իրավիճակի կոնտեքստում բավականին հետաքրքիր է ԲՀԿ-ի անելիքները «հին գործընկերոջ»` ՀԱԿ-ի, համագործակցության հետ կապված հարցերում: ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանակարն այս փուլում բավականին մշուշոտ է, քանի դեռ պարզ չէ առաջին նախագահի կարծիքը ԲՀԿ նոր ղեկավարի մասին: Սակայն կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ գոնե կուսակցության երկրորդ դեմքերով համագործակցության քայլեր կփորձի պահպանել, քանի որ շատ հնարավոր է` 2017-ին ընդառաջ, ընդհանուր ցուցակով ԱԺ մուտք գործելու գաղափար առաջանա, եթե ընդհանուր կենտրոնից լինի նման ցանկություն:
Այսպիսով` նոր հեռանկարներով դեպի նոր հորիզոններ…