17:20 , 9 մարտ, 2015Եթե քեզ չի անհանգստացնում այս հարցը, ուրեմն դու կամ ամուսնացած չես, կամ էլ մտնում ես այն եզակի մարդկանց խմբի մեջ, ովքեր իրենց սկեսրոջ հետ հրաշալի հարաբերություններ ունեն։ Ինչքան էլ դժվար առաջադրանք լինի, անտեսել չի կարելի, քանի որ քո սիրելի տղամարդու կյանքում միշտ կլինի ևս մեկ կին՝ նրա մայրը։ Նրա մայրը կլինի քո ձայնակիցը, օգնականը, թե թշնամին՝ առավելապես կախված է քեզնից։
1 Խուսափի՛ր մրցակցությունից

Սկեսրոջ հետ հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է առավելապես մրցակցությամբ։ Ոչ բոլոր մայրերն են կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ որևէ մեկը կարող է իրենց որդու մասին ավելի շատ անհանգստանալ, քան իրենք։ Սա էլ հանգեցնում է քննադատության՝ սկսած խոհարարական կարողությունները փնովելուց, վերջացրած նրանց հագուկապով։ Հանգստություն ցուցաբերիր և մի փորձիր միանգամից նրա սիրտը շահել՝ դառնալով «ամենա-ամենան»։ «Ես երբեք Ձեզ նման լավ խոհարար չեմ դառնա». երբեմն այս հասարակ արտահայտությունը կարող է մեղմացնել վատ հարաբերությունները։
2 Մի՛ համաձայնվիր միասին ապրելու գաղափարի հետ
Շատ ծեծված միտք է, բայց փաստ է։ Յուրաքանչյուր տան մեջ գոյություն ունեն որոշակի կանոններ, իսկ այդ կանոնների հաստատումը (եթե միասին ապրեք) կլինի քո սկեսրոջ կողմից։ Եվ դա էլ նշանակում է, որ ստիպված կլինես ամաններ լվանալ, տունը կարգի բերել և նույնիսկ արթնանալ և քնել նրա կանոնակարգով։ Ինչքան էլ ջերմ հարաբերություններ ունենաս, մեկ է՝ մի օր այդ ամենը բարկացնելու է քեզ և վերածվելու է սկանդալի, իսկ հարաբերությունները հարթելն արդեն շատ դժվար կլինի։
3 Խորհո՛ւրդ հարցրու
«Մեծ երեխաների» գործերի մեջ խառնվելով՝ մայրերը վախենում են իրենց անպետք զգալ և, հետևաբար, ամեն կերպ փորձում են ուրիշ մարդկանց կյանքի մեջ խառնվել՝ խորհուրդ տալով, թե ինչպես բուժել հարբուխը, դաստիարակել երեխաներին և այլն։ Կոնֆլիկտից խուսափելու համար նախ հետաքրքրվիր քո սկեսրոջ կարծիքով. այսպես դու ցույց ես տալիս, որ դու ընդունում ես նրա հեղինակությունը և նրա կարիքն ես զգում։ Եվ հետո՝ նրա փորձը քեզ իսկապես պետք կգա. արդյո՞ք հաճելի չէ, երբ քո սիրելին ասում է, որ քո պատրաստած կարկանդակը «մայրիկի պատրաստածի նման համեղ է»։

4 Ամբողջովին մի՛ անկեղծացիր
Նույնիսկ եթե շատ լավ հարաբերությունների մեջ ես սկեսրոջդ հետ, պարտադիր չէ, որ նա իմանա քո աշխատանքային կամ նախկին ընկերների հետ կապված խնդիրները։ Նաև պետք է խուսափել «ցավոտ» թեմաներից, որը կարող է հանգեցնել կոնֆլիկտի, օրինակ՝ քաղաքականության մասին զրույցները։ Հիշի՛ր, այն, ինչ խոսում ես, հետագայում օգտագործվելու է հենց քո դեմ։
5 Շնորհակալությո՛ւն հայտնիր
Ահա ամենապարզ խորհուրդը, որի միջոցով քեզ կհաջողվի սկեսրոջ հետ հարաբերությունները շտկել։ Պարզապես ասա «շնորհակալություն»։ Շնորհակալություն հայտնելու բազմաթիվ պատճառներ կարելի է գտնել։ Հիշիր, որ հենց այդ կնոջն ես երախտապարտ քո սիրելիի գոյության համար, և պետք է անկեղծորեն շնորհակալ լինել։
