17:00 , 9 մարտ, 2015Նորզելանդական Օկլենդ քաղաքի նավահանգիստում իսկական դրամա էր խաղարկվում՝ հերոսներով և փրկված կյանքերով։
Տեղական ժամանակով ժամը 3-ին 63-ամյա կինը, կորցնելով BMW մակնիշի մեքենայի կառավարումը, դուրս թռավ ավտոկայանատեղիից դեպի ջուրը։ Մեքենան շատ արագ սկսեց խորտակվել։ Բարեբախտաբար, դեպքի վայրում մարդիկ կային, ովքեր անհապաղ զանգահարեցին արտակարգ իրավիճակների ծառայություն։
Օգնության հասած երկու ոստիկանները՝ Փոլ Ուոտսը և Սայմոն Ռասելը, անմիջապես նետվեցին դեպի խորտակվող մեքենան։ Դռները բացել չհաջողվեց, ինչի պատճառը ջրի ուժեղ ճնշումն էր դեռևս օդով լցված մեքենայի վրա։ Փրկարարներից մեկը փորձեց կոտրել մեքենայի ապակին ոստիկանական մահակով, բայց ապարդյուն։ Այնուհետև նրա գործընկերը վերցրեց ափին ընկած ժայռի կտորը, որով էլ հաջողվեց կոտրել գերմանական արտադրության ապակին և փրկել սարսափահար կնոջը։
Ուոթսի խոսքերով՝ հիմնական վտանգը կայանում էր նրանում, որ մեքենան արագ տեմպերով շարժվում էր դեպի իջվածքը, և եթե նրանք նույնիսկ մի պահ վարանեին, կնոջը փրկել չէր հաջողվի։ Ռասելը որոշակիորեն դանդաղեցրեց սուզման գործընթացը՝ փորձելով պահել մեքենան ձեռքերով։ Բարեբախտաբար, այդ խիզախ փորձը բավական ժամանակ շահեց գործընկերոջ համար, որպեսզի վերջինս հասցնի ճիշտ որոշում կայացնել։ Ամբողջ փրկարարական գործընթացը տևեց մոտ 40 վայրկյան։
Կինը ողջ մնաց՝ ստանալով հարվածային շոկ, փոքր կտրվածքներ ապակուց և մի քանի վնասվածքներ։ Այժմ նա գտնվում է հիվանդանոցում։


